«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնարին է, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Սեմյոն Բաղդասարով

11:57 • 22.01.19

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն ու երկու ժողովուրդների միջև երկխոսության ստեղծումն անհնարին է, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


«Թող նախ Թուրքիան ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը: Թող վերադարձնի այն հայերի գույքը, որոնց սպանել են: Չի կարող լինել որևէ հաշտեցում, մինչև ցեղասպանությունը չճանաչվի», - ասել է Բաղդասարովը՝ «РУСАРМИНФО»-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրամիության աջակցությամբ հայ և թուրք ժողովուրդների միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված որոշ ծրագրերի ակտիվացումը, որը նկատվում է վերջերս:


Հայտնի է, որ վերջերս ԵՄ աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել Հայաստանի մասին առաջին թուրքերեն ճանապարհորդական ուղեցույցը, բացի այդ, օրերս մամուլում տարածվել է տեղեկություն այն մասին, որ եվրոպացի որոշ գործիչներ ճանաչողական նախագիծ են մշակել հայերի և թուրքերի համար Գերմանիայի և Լեհաստանի սահմանին՝ ցույց տալու համար, թե ինչի կարող են հասնել նախկինում թշնամի երկու ժողովուրդները:


Բաղդասարովը կիսում է որոշ հայ փորձագետների կարծիքն առ այն, որ սա փաստացի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի մեկնարկ է, նրա կարծիքով՝ այս հարցում դեր ունի նաև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը:


«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանության են եկել մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչ են անում: Կոռումպացվածների փոխարեն եկել են շատախոսներ: Եթե ժամանակին ոչինչ չփոխվի՝ նրանք հայ ժողովրդին ծայրահեղության կհասցնեն: Չի կարող լինել որևէ հաշտեցում, քանի դեռ թուրքական իշխանությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է ռուսաստանցի փորձագետը:


Նա հավելել է, որ նման հաշտեցումը կարող է ձեռնտու լինել Անկարային, որը, այդպիսով, «կուլ կտա» նաև Արևելյան Հայաստանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհնարին է, քանի դեռ պաշտոնական Անկարան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Սեմյոն Բաղդասարով