Ոչ մի դետալ չենք քննարկել, ընկալումներին ծանոթանալու հնարավորություն էր. ես դավադրության մեջ չեմ կարող ներքաշվել. Ն. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց մանրամասներ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպումից:
Նա նախ անդրադարձավ այն հարցադրումներին, թե ինչու հանդիպման մասին նախապես չի հայտարարվել, և պլանավորված էր արդյոք հանդիպումը:
Փաշինյանը հիշեցրեց, որ այս հանդիպումը Ալևի հետ արդեն թվով երրորդն էր, և երեքն էլ նախապես պլանավորված չեն եղել, և ինչպես Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում հավանականություն կար, որ կհանդիպեն, նույնքան էլ կար, որ չեն հանդիպի:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ համանախագահների շփման արդյունքում ըմբռնում կա, և իրենք էլ այդ մոտեցումն են որդեգրել, որ այսպիսի միջոցառումների ժամանակ, երբ երկու ղեկավարներն էլ մասնակցում են, առնվազն չխուսափեն հանդիպումներից:
«Եթե առիթ կա հանդիպելու, հանդիպենք և խոսենք, դրանք ոչ պաշտոնական հանդիպումներ են և բանակցային գործընթացի պաշտոնական հանգրվան չեն»,-ասաց նա: Վարչապետը հավելեց, որ Դավոսի հանդիպումը այնպես է ստացվել, որ կազմակերպիչները, իմանալով որ այստեղ են, հարցրել են կողմերին, թե արդյոք դեմ չեն հանդիպմանը, շփմանը: Ինչպես իրենք, այնպես էլ ադրբեջանական կողմը ասել են, որ դեմ չեն ոչ պաշտոնապես զրուցել:
ՀՀ վարչապետը նաև քննարկման բովանդակությանն անդրադարձավ, ասաց, որ այն կապված է բանակցային գործընթացի պատմության հետ, թե երբ ինչ տեղի ունեցավ, ինչ վիճակ էր, նաև հնարավորությունները քննարկվեցին, թե ինչ պայմաններ կան կարգավորման կոնտեքստում: «Քննարկվեցին, թե ինչ պայմանավորվածություններ ու անհնարինություններ կան, ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում, մտքեր ենք փոխանակում, և սա ընկալումներին ծանոթանալու, շփվելու հնարավորություն է»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքն այն է, ինչ իրենք խոսում են հրապարակային: «Բանակցություններում խոսվում է այն ամեն ինչը, ինչ ասում ենք նաև հրապարակային: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել այսօրվա համար և մեկընդմիշտ, երբ լինում են մեկնաբաններ, ուժեր, քաղաքական գործիչներ, ովքեր փորձում են հանրությանը ներշնչել, թե տեսեք՝ դավադրություններ են արվում և դավադրությունների տեսություն կառուցել, հույս ունեմ, որ կհասկանան, որ այս պայմանավորվածությունը մեկընդմիշտ է, որ դավադրություններ լինել չեն կարող, և դա աբսուրդ, է և դա իրավիճակի չընկալման հետևանք է, որ մտածում են, որ մեր կառավարությունը կամ ես անձամբ կարող եմ որևէ դավադրության մեջ ներքաշվել»,-ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր պետության ղեկավար, իհարկե, խոսում է իր պետության և ժողովրդի շահերից, և այլ բան մտածելն իրավիճակի թյուրըմբռնման հետևանք է:










