«Կարող եք հույսներդ դնել Ռուսաստանի անվերապահ աջակցության վրա». Մադուրոն պատմել է Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին (տեսանյութ)
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որի իշխանության դեմ արդեն 4-րդ օրն է՝ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում, ելույթի ժամանակ պատմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:
«Ինձ քիչ առաջ զանգահարեց Վլադիմիր Պուտինը: Մենք 20 րոպե զրուցեցինք: Նախագահ Պուտինն առաջվա պես Վենեսուելայի կողքին է»,- ասել է Մադուրոն:
Նրա խոսքով՝ Պուտինն իր լիարժեք աջակցությունն է հայտնել Վենեսուելայի օրինական իշխանություններին երկրի խաղաղության, ամբողջականության և ինքնիշխանության հարցում:
«Պարո՛ն Մադուրո, կարող եք հույսներդ դնել Ռուսաստանի անվերապահ աջակցության վրա: Այժմ, ինչպես երբեք, մենք կգործակցենք հանուն Վենեսուելայի զարգացման»,- Պուտինի խոսքերը մեջբերել է Մադուրոն, որն իր հերթին հայտնել է Ռուսաստանի նախագահին, որ Վենեսուելան կործանելու և ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների դեմ հեղաշրջման փորձն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն է՝ հավելելով, որ «այդ խենթն իրեն աշխարհի ոստիկան է կարծում»:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերի ընթացքում Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի ղեկավար Խուան Գուաիդոն ստանձնել է նախագահի լիազորությունները:










