«5000-անոց զորք դեպի Կոլումբիա». Բոլթոնի նոթատետրի գրությունն ԱՄՆ-ի գործողությունների մասին ենթադրությունների տեղիք է տվել (լուսանկար)

15:26 • 29.01.19

Համացանցում տարածվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի լուսանկարը, որում նրա ձեռքին նոթատետր է, իսկ դրա վրա գրված է «5000-անոց զորք դեպի Կոլումբիա»:

Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ Բոլթոնը Սպիտակ տանը լրագրողների հետ խոսել է Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի մասին: Բոլթոնն ասել է, որ իրենք չեն տեսնում այնպիսի բան, որը կխրախուսեր Վենեսուելային սահմանակից Կոլումբիայում զորքերի հավանական տեղակայումը:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նաև չի բացառել Վենեսուելայում ամերիկյան զորքերի միջամտությունը և կոչ արել անվտանգության ուժերին «ընդունել իշխանության խաղաղ, ժողովրդավարական և սահմանադրական փոխանցումը»:  

Բոլթոնի նոթատետրի վրա նկատվել է նաև «Աֆղանստանը ողջունում է բանակցությունները» գրությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ընդունել է այս օրերին Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության դեմ տեղի ունեցող բողոքի համազգային ցույցերի ֆոնին իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյի իշխանությունը: