Երկուշաբթի Կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա ԱԺ․ Հ. Աղազարյանը ներկայացրեց, թե ինչ է քննարկվում «Իմ քայլի» նիստում
Ազգային ժողովում շարունակվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քիչ առաջ լրագրողներն ԱԺ անցակետում հնարավորություն ունեցան զրուցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, որը որոշ մանրամասներ ներկայացրեց նիստի ընթացքում քննարկվող հարցերից։
«Քննարկում ենք վերջին 1 ամսվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, վարչապետը Դավոսի հետ կապված տեղեկություններ ներկայացրեց, թե ինչ է քննարկվել, ինչ խոսակցություններ են եղել, և թե կառավարության ծրագիրը երբ պետք է բերվի հանձնաժողովներին։ Երկուշաբթի կառավարության ծրագիրը ոչ վերջնական տարբերակով կգա ԱԺ, հավանաբար, կառավարության կառուցվածքի նախագիծն էլ կլինի»,- մանրամասնեց պատգամավորը։
Հարցին, թե մարզպետներն ինչո՞ւ են խմբակցության նիստին մասնակցում, նա ասաց, որ միայն մարզպետներ չեն նրանք, այլև ՔՊ վարչության անդամներ։
Սակայն նա հերքեց դիտարկումը, թե այսօր ԱԺ-ում ոչ թե խմբակցության, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստն է։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողներին հնարավորություն չի տրվել մտնել ԱԺ շենք, փոխարենը նրանք անցակետում են։










