Դատախազությունում պարգևատրվել են բոլորը` բացի գլխավոր դատախազից

21:54 • 02.02.19

ՀՀ գլխավոր դատախազության համակարգի բոլոր դատախազները պարգևատրվել են՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։ Կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները չեն պարգևատրվել։

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Պարգևատրումների վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան Դատախազությունից հայտնել են. «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր դատախազները՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի, 2019 թվականի հունվարի 8-ի` ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստացել են պարգևատրում պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդից՝ աշխատավարձի դրույքաչափի 70 տոկոսի չափով (առանց հավելավճարների), իսկ քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ աշխատավարձի դրույքաչափի 100 տոկոսի չափով (առանց հավելավճարների): 

Սահմանված կարգի համաձայն` պարգևավճարներ չեն ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները»։