«Մեր պատասխանը հայելային կլինի». Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին

13:27 • 02.02.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


«Մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են այն մասին, որ իրենք կասեցնում են իրենց մասնակցությունը պայմանագրին, մենք էլ ենք կասեցնում»,- ասել է Պուտինը ՌԴ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը:


Նա նաև հանձնարարել է դադարեցնել պայմանագրի պահպանման հարցով բանակցություններ նախաձեռնելու փորձերը:


«Բանակցությունների համար դռները բաց են: Միևնույն ժամանակ խնդրում եմ 2 գերատեսչություններին այս խնդրի շուրջ ոչ մի բանակցություն չնախաձեռնել»,- ասել է նա:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ջանքեր գործադրել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի պահպանման համար: Այդ մասին Մերկելը հայտարարել էր Բեռլինում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


«Եթե այսօր գործը հասնի նրան, որ ԱՄՆ-ն հայտարարի պայմանագրից դուրս գալու մասին, մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ օգտագործելու 6-ամսյա ժամկետը հետագա բանակցությունների համար», - ասել է Գերմանիայի կանցլերը՝ նշելով, որ ինքն ու Գերմանիայի արտգործնախարարը կանեն հնարավոր ամեն բան այդ բանակցությունների կայացման համար:


Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փետրվարի 2-ից սկսում է պայմանագրից դուրս գալու գործընթացը: