Ադրբեջանում գիշերը տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել, գրանցվել է նաև 3 հետցնցում (լուսանկարներ)
Ադրբեջանի Շամախի շրջանում գիշերը գրանցված երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը:
Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիային կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6 բալ, իսկ հարակից շրջաններում՝ 5,3:
Ավերածություններ են գրանցվել Շամախիի Քըզմեյդան, Ղայբուգուրթ, Նագարխանա գյուղերի տարածքում:
Անվտանգության նկատառումներով դադարեցվել է տուժած բնակավայրեր գազամատակարարումը: Նշվում է, որ տարածքում առաջին բուժօգնության կետեր են բացվել՝ տուժած բնակիչներին տեղում օգնելու նպատակով: Շամախիում երկրաշարժի հետ կապված արտակարգ իրավիճակների հանձնաժողով է կազմվել:
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժից հետո հարևան Աղսուի և Իսմայիլիի շրջաններում գրանցվել է երեք հետցնցում՝ 3,4, 3 և 3,9 բալ ուժգնությամբ: Երեք դեպքերում էլ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10-11 կմ խորության վրա, ցնցումները հիմնականում չեն զգացվել:












