«Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում...» վերնագրով շարադրության հիմքում դրվել է երեխաների՝ ապագայով ապրելու մոտիվացիան. Երևանի քաղաքապետարան
8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադային երեխաներին հանձնարարված «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում…» թեմայով շարադրությունը ոչ միայն Երևանի թիվ 56 հիմնական դպրոցում է հանձնարարվել, այլև Երևանի բոլոր դպրոցներում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին թիվ 56 հիմնական դպրոցից:
«Համայնքային փուլի օլիմպիադիայում կետ է եղել, շարադրություն «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում…» վերնագրով»,- ասացին դպրոցից: Նրանք տեղյակ չէին, թե ով է որոշում վերնագրերը:
«Փակ ծրարով հանձնարարականը եկել է, որի մեջ եղել է 5-րդ կետը. շարադրություն՝ «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում…» վերնագրով»,- ասացին դպրոցից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից նախընտրեցին թեմայի շուրջ գրավոր պատասխանել, որտեղ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ նպատակ ունենալով հայտնաբերել ստեղծագործող աշակերտների, խրախուսել նրանց և իրենց ուսուցիչներին:
Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում թեմաները, նշվել է, որ օլիմպիադայի թեստերի գաղտնիությունն ապահովելու նպատակով համապատասխան հանձնաժողովի անդամներից մեկին է հանձնարարվում կազմել թեստերը:
«Հայոց լեզվի օլիմպիադայի թեստի ստեղծագործական շարադրության «Ու քայլում ենք, քայլում ենք, քայլում...» վերնագրի վերաբերյալ հայտնում ենք, որ դրա հիմքում հանձնաժողովի անդամը դրել է երեխաների՝ ապագային միտված լինելու, ապագայով ապրելու մոտիվացիան»,- նշում են պատասխանում՝ չանդրադառնալով այն հարցերին, թե արդյոք չի հակասում նախարարի այն հայտարարություններին, որ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի:










