Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է, լրագրողներին արգելել են լուսաբանել միջադեպը (լուսանկարներ, տեսանյութ)
Ստամբուլի Քարթալ շրջանում 8-հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, տուժել է 12 մարդ, այս մասին հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը:
Միջադեպը տեղի է ունեցել Քարթալի Ջևիզլի թաղամասի Սեմա փողոցում: Հայտնի է, որ փլուզված շենքում 12 ընտանիք է բնակվելիս եղել (43 մարդ), շենքում ընդհանուր առմամբ կար 24 բնակարան: Առայժմ հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել շենքում փլուզման պահին:
Հատկանշական է, որ շենքը վթարային չէր համարվում: 1992 թվականին կառուցված շենքը եղել է նախ 5-հարկանի, հետագա տարիներին ավելացվել է ևս 3 հարկ:
Նշվում է, որ փլուզման հետևանքով տուժել է նաև հարևան շենքը, որի բնակիչներն անվտանգության նկատառումներով տարհանվել են: Աղբյուրը հայտնում է, որ փրկարարներն աշխատել են ռիսկային պայմաններում՝ նոր փլուզման լուրջ վտանգի տակ:
Միջադեպի առնչությամբ դատախազությունում հետաքննություն է սկսվել, լրատվամիջոցների համար գործը լուսաբանելու արգելք է սահմանվել:














