«Որոշեցի տեսնել, թե որքան հեռու կգնա այդ մարդը». Դրուզը պատասխանել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի խմբագրի՝ խաղը «գնելու» մասին մեղադրանքներին
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի հայտնի գիտակ Ալեքսանդր Դրուզը պատասխանել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերի մեղադրանքներին՝ կապված խաղը «գնելու» իր փորձի հետ:
РБК-ին տված մեկնաբանության մեջ գիտակը նշել է, որ անազնիվ խաղի նրան դրդել է հենց Բերը: Դրուզի խոսքով՝ նա էլ որոշել է տեսնել, թե «որքան հեռու կգնա այդ մարդը»:
«Եվ մարդը գնաց ավելի հեռուն՝ սկսեց քննարկել գործարքի մանրամասները», - ասել է Դրուզը՝ նշելով, որ ինքը դիտավորյալ ձևացրել է, թե համաձայն է:
Գիտակը պնդում է, որ ինքն իրավիճակի մասին պատմել է իր հետ խաղին մասնակցող մյուս գիտակին՝ Վիկտոր Սիդնևին, որի հետ նրանք որոշել են հասցնել խաղը մինչև վերջին հարց, դիտավորյալ սխալ պատասխանել դրան, իսկ նկարահանումներից հետո բողոք ներկայացնել Բերի դեմ հաղորդման ղեկավարությանը:
«Վերջին հարցին, ինչպես պայմանավորվել էինք Սիդնևի հետ, մենք տվեցինք սխալ պատասխան, թեև երբ հարցը հնչեց, ես հասկացա, որ դրա պատասխանն ինձ հայտնի է... Հետ նայելով՝ հասկանում եմ, թե ինչ հիմար կերպ եմ վարվել: Ափսոսում եմ, որ այդպես ստացվեց», - նշել է Դրուզը:
Ինչպես երեկ հաղորդել էր Tert.am-ը, «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել է Ալեքսանդր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: Այդ մասին Բերը պատմել է «Живой журнал»-ում՝ ներկայացնելով իր ու Դրուզի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Բերը պատմել է, որ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը մասնակցել է հաղորդման նկարահանմանը: Նկարահանումներից առաջ, ըստ Բերի, Դրուզն առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:
Բերը նշել է, որ խարդախությունն ապացուցել կարողանալու համար նա փոխանցել է Դրուզին հարցերի պատասխանների միայն մի մասը, վերջին 5 հարցը նա փոխել է, և դրանց պատասխանները գիտակը նախապես չի իմացել:
Դրուզը և նրա հետ խաղին մասնակցած գիտակ Վիկտոր Սիդնևը հասել են վերջին՝ 15-րդ հարցին ու չեն կարողացել պատասխանել դրան: Արդյունքում նրանք հեռացել են 200 000 ռուբլի շահումով:










