«Կցանկանայի երկուսիդ էլ ապտակ տալ». «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի ստեղծողը մեկնաբանել է Դրուզ-Բեր սկանդալը
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի ստեղծող և «Игра-ТВ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալիա Ստեցենկոն մեկնաբանել է գիտակ Ալեքսանդր Դրուզի շուրջ ծագած սկանդալը, գրում է lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը հայտնի գիտակին մեղադրել է խաղը «գնելու» փորձի համար:
«Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող է պրոֆեսիոնալ խմբագիրը մտնել գործարքի մեջ: Նույնիսկ սադրանքի համար: Ընդ որում՝ դավադրություն կազմակերպել մարդու դեմ, ում հետ մեկ անգամ չէ, որ սեղան է նստել»,- ասել է Ստեցենկոն:
Նա ընդգծել է, որ չի հասկանում Բերի հնչեցրած մեղադրանքները և ենթադրում է, որ վերջինս «էժանագին հայտնիություն» է փնտրում:
Ստեցենկոն նաև հայտարարել է, որ Բերի ու Դրուզի «ցուցմունքները» տարբեր են. յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին անազնիվ պահվածքի համար:
«Տխուր է, պարոնա՛յք, տխուր է: Եվ դուք բոլորդ սխալ եք: Կցանկանայի երկուսիդ էլ ապտակ տալ», - ասել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» նախագծի ստեղծողը:
Նա նկատել է, որ սադրանքի հետևանքով վտանգի տակ է հայտնվել ոչ միայն Դրուզի հեղինակությունը, այլև ռուսական «Առաջին ալիքի» մի շարք հարգված հաղորդումներինը:
Հիշեցնենք, որ Դրուզը, մեկնաբանելով Բերի հնչեցրած մեղադրանքները, նշել էր, որ անազնիվ խաղի նրան դրդել է հենց Բերը: Դրուզի խոսքով՝ նա էլ որոշել է տեսնել, թե «որքան հեռու կգնա այդ մարդը»:
Գիտակը պնդում է, որ ինքն իրավիճակի մասին պատմել է իր հետ խաղին մասնակցող մյուս գիտակին՝ Վիկտոր Սիդնևին, որի հետ նրանք որոշել են հասցնել խաղը մինչև վերջին հարց, դիտավորյալ սխալ պատասխանել դրան, իսկ նկարահանումներից հետո բողոք ներկայացնել Բերի դեմ հաղորդման ղեկավարությանը:










