Պուտինն ու Ռոհանին Իդլիբի հետ կապված զգուշացում են հղել Էրդողանին. թուրքական լրատվամիջոց
Նախօրեին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զգուշացում են հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ սիրիական Իդլիբում ծայրահեղական զինյալների գործունեության հետ կապված, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
ՌԴ ղեկավարը հանդիպումից հետո ընդգծել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում առկա անվտանգության խնդիրները պետք է լուծել Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Նա շեշտել է, որ դա չի նշանակում, թե իրենք այդ տարածքում պետք է ընդունեն ահաբեկիչների առկայությունը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում և հատկապես Իդլիբ նահանգում զինված ընդդիմադիր ծայրահեղական խմբավորումների զգալի մասը վայելում է Թուրքիայի աջակցությունը:
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին էլ նկատել է, որ այժմ Սիրիայի հյուսիսում գործող ընդդիմադիր զինյալները նույն «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչներն են, որոնք պարզապես փոխել են իրենց անունը: Ռոհանին ընդգծել է, որ իր կարծիքով՝ եկել է Իդլիբը ծայրահեղական ուժերից մաքրելու ջանքերն ինտենսիվացնելու ժամանակը:
Ռուսաստանի և Իրանի նախագահների նման շեշտադրումները թուրքական լրատվամիջոցները համարում են ուղիղ զգուշացում Թուրքիայի իշխանություններին՝ արագացնելու Իդլիբում ստանձնած պարտավորությունների կատարումն ու դուրս բերելու այնտեղից ընդդիմադիր ծայրահեղականներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնության էին եկել Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին:










