Արգենտինայում հրաժեշտ են տվել ինքնաթիռի կործանումից զոհված ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային (տեսանյութ)
Շաբաթ` փետրվարի 16-ին, Արգենտինայում կայացել է «Քարդիֆ Սիթիի» ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի հուղարկավորության արարողությունը, որի մարմինը կործանված ինքնաթիռի մոտից հայտնաբերվել էր փետրվարի 7-ին:
Հրաժեշտի արարողությունը մեկնարկել է Պրոգրեսոյի` Սալայի հարազատ քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբի տարածքից, որտեղ էլ արգենտինացին սկսել է կարիերան:
Բացի Սալայի հարազատներից, ընկերներից և երկրպագուներից, հուղարկավորությանը ներկա է գտնվել նաև «Քարդիֆի» գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոկը, գրում է BBC-ն:
Հիշեցնենք` 28-ամյա Սալան «Քարդիֆ Սիթի» էր տեղափոխվել «Նանտից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` դառնալով բրիտանական ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը:
Հունվարի 21-ի երեկոյան հարձակվողը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ուելս, սակայն նախատեսված վայրէջքից մեկ ժամ առաջ նրան տեղափոխող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից:
Ավելի ուշ, որոնողական խումբը Լա-Մանշի հատակին հայտնաբերել էր կործանված ինքնաթիռի բեկորներ և մարմին, որը, ինչպես պարզվեց ավելի ուշ, պատկանում էր Սալային: Օդաչու Դևիդ Իբոտսոնի մարմինը մինչ օրս չի հայտնաբերվել:










