Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով պետք է զբաղվել գոնե 2019-ի ընթացքում, ընտրական ռեֆորմը պետք չէ թողնել վերջին պահին․ Դանիել Իոաննիսյան

20:23 • 17.02.19

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով պետք է զբաղվել գոնե 2019 թ․-ի ընթացքում։ Ցանկալի է, որ ընտրական ռեֆորմն իրականացվի ընտրություններից 3-4 տարի շուտ, որպեսզի կուսակցությունները կարողանան նոր խաղի կանոններին համակերպվել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2018 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետին կից ստեղծված ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Միգուցե, պարտադիր չէ այն անել հրատապ, այսինքն՝ այնպիսի հարց չէ, որ, անպայման, այսօր պետք է քննարկել։ Ոչ, եթե այսօր քննարկելու ավելի շտապ բաներ կան, ինչպիսին Հարկային օրենսգիրքն է, մեծ խնդիր չի լինի, եթե Ընտրական օրենսգիրքը քննարկվի մի քանի ամսից։

Բայց այն պետք է քննարկվի, որովհետև դրանով նաև կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ոչ մի խնդիր չկա 6 ամսից կամ 1 տարուց քննարկել, թե ինչպիսի ընտրակարգով պետք է ընտրվի հաջորդ խորհրդարանը, բայց ՏԻՄ ընտրությունների պարագայում դա պետք է քննարկել ավելի շտապ, որովհետև պարբերաբար ՏԻՄ ընտրություններ են լինում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

2018 թ․ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո «Իմ քայլը» դաշինքի շտաբում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ 5 տարի ժամանակ ունեն Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու համար։

«Ընտրական ռեֆորմը պետք չէ թողնել վերջին պահին։ Մենք ընտրություններից մի քանի ամիս առաջ փորձում էինք Ընտրական օրենսգիրքը բարեփոխել, որովհետև արտահերթ պրոցեսի մասին էր խոսքը, բայց եթե հնարավորություն կա, ընտրական ռեֆորմը պետք է անել  ընտրություններից 1-2 տարի, ցանկալի է 3-4 տարի շուտ, որպեսզի բոլոր խաղացողները կարողանան այդ խաղի կանոններին համակերպվել։

Առավել ևս, որ կան այնպիսի կարգավորումներ, ինչպիսին է օրինակ՝ կուսակցությունների ֆինանսավորումը։ Դրանց մի մասը նաև կուսակցությունների մասին օրենքով է կարգավորվում։ Սա ավելի երկարաժամկետ հարց է, որպեսզի հասկանանք՝ կուսակցությունները որտեղից են փող ստանում, որպեսզի նվազագույն կապ լինի քաղաքականության և օլիգարխիայի միջև։ Այս առումով շատ բան կա անելու, և դա պետք է արվի։ Կրկնում եմ՝ դա հրատապ հարց չէ, բայց գոնե 2019 թ․-ի ընթացքում ԸՕ և կուսակցությունների բարեփոխումները պետք է օրենսդրական մակարդակով վերջնականացնել»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կրկին պատրաստ է իշխանություններին աջակցել ռեֆորմների իրականացման հարցում։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից և անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգի։ Առաջարկվում էր նաև խորհրդարանը նվազագույնը 4 քաղաքական ուժից ձևավորվել՝ ներկայիս 3-ի փոխարեն։ Կուսակցությունների և դաշինքների համար մեկական տոկոսով իջեցվելու են անցողիկ շեմերը՝ նախկին 5 և 7 տոկոսների փոխարեն՝ դառնալով 4 և 6 տոկոս, ինչպես նաև նվազեցվելու էր ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրագրավը։ ԸՕ բարեփոխումները, սակայն, 2018 թ․-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններից առաջ չընդունվեցին։ 6-րդ գումարման ԱԺ-ն, որտեղ մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, դեմ քվեարկեց նախագծին: