Մարդասիրական օգնության տեսքով արձագանքը որևէ կոնկրետ խնդիր չի կարող առաջացնել ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև. ՀՀ-ն որդեգրել է դրական չեզոքության դիրքորոշում. Գոռ Գևորգյան
Հայ-ռուսական հարաբերությունները չեն վատացել, որ կարգավորման խնդիր առաջանա։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Սիրիա 83 հոգանոց խումբ գործուղելը ՌԴ-ին հաճոյանալու համար էր։ Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկան մինչ օրս խոսում է այն մասին, որ հարաբերություններն ընթանում են բնականոն հունով։ Նա նկատեց, որ ՀՀ-ն միջազգային պայմանագրերով մի շարք պարտավորություններ ունի, ինչպես նաև համագործակցող կառույցների առջև ստանձնած պարտավորություններ։
- Պարո՛ն Գևորգյան, այս շաբաթ ակտիվ քննարկվում էր ՀՀ-ի կողմից Սիրիա 83 հոգանոց խումբ գործուղելու հարցը։ Տեսակետ կա, որ սա արվեց հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կարգավորման ֆոնին, այսինքն՝ ՌԴ-ին հաճոյանալու խնդիր է եղել։
- Նախ նշեմ, որ որևէ մի տեղ արձանագրված չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են։ Դա ընդամենը եզրակացություններ են, որովհետև հարաբերությունների զարգացման դինամիկան մինչ օրս խոսում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններն ընթանում են բնականոն հունով, իսկ թե որտեղ ունենք սերտ համագործակցություն, որտեղ՝ թույլ, արդեն ցույց կտա ժամանակը։ Գտնում եմ, որ Սիրիա մեր մարդասիրական կոնտինգենտի գործուղումը պետք է դիտարկել այլ համատեքստում։
Առհասարակ ՀՀ-ն նաև միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ է, ինչպես նաև մեր քաղաքականության շրջանակում դավանում ենք մարդասիրական արժեքները, և այս իմաստով մենք պարտավոր ենք արձագանքել։ Հիմա թե ինչպես կարձագանքենք և ինչ ձևաչափով, հարցի այլ կողմն է։ Տվյալ դեպքում, կարծում եմ, որ ընդամենը քաղաքական որոշում է և մարդասիրական օգնություն, այդ թվում՝ փորձագիտական օգնություն, ինքնին որևէ լուրջ խնդիրներ չի կարող առաջացնել։
Ինչ վերաբերում է մեկ այլ պետությանը հաճոյանալուն կամ չհաճոյանալուն, ասեմ, որ սա հարցի մեկ այլ կողմն է։ Առհասարակ հարաբերակցությունների դաշտում խնդիրը պետք է դիտարկենք այնպես, որ գոյություն ունի գործընկերություն, դաշնակցություն, համագործակցություն՝ տաբեր ձևաչափերի շրջանակում։ Այս իմաստով, եթե մի պետություն որևէ մեկ այլ պետության աջակցություն է ցուցաբերում՝ թե՛ դիրքորոշում հայտնելով, թե՛ կոնկրետ ինչ-որ հարցում կիրառական մոտեցում դրսևորելով, ապա պետք է դիտարկել դիվանագիտության դաշտում։ Չեմ կարծում, որ սրա տակ կարելի է խնդիր որսալ։
- Հիմնական քննադատությունն այն է, որ հաշվի չեն առնվել այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահագրգռվածությունն ու շահերը։ Ստացվում է՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ենք խնդրի առջև կանգնում։
- Փորձեմ այս հարցում լինել ավելի կառուցողական ու լավատես և ասել, որ առհասարակ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունը 3-րդ կողմին վնաս չհասցնելու առաջնահերթություն է հետապնդում։ Վնաս չհասցնել նաև նկատի ունեմ որևէ տեսակի խնդիր չառաջացնել երկկողմ և առհասարակ բազմակողմ հարաբերությունների համագործակցության դաշտում։ Չեմ կարծում, որ մարդասիրական օգնության տեսքով արձագանքը որևէ կոնկրետ խնդիր կարող է առաջացնել Միացյալ Նահանգների և ՀՀ-ի միջև։
- Բայց հիշենք, որ ՀՀ -ն այն պետությունն է, որի գրեթե բոլոր ղեկավարները շեշտել են, որ ՀՀ-ի ռազմավարական ու հիմնական գործընկերը ՌԴ-ն է։ Այսինքն՝ ստացվում է, որ ՌԴ-ի հետ գործող պետությունն է գնացել Սիրիա մարդասիրական օգնության, իսկ ՌԴ-ն, գիտենք, ինչ շահեր ունի Սիրիայում, և գիտենք, թե ԱՄՆ-ն և այլ գերտերություններ ինչպես են արձագանքում ՌԴ գործողություններին Սիրիայում։
- Մի փոքր կհապաղեի նման հայտարարություն անելու համար, որովհետև արտաքին քաղաքականությունը մի դաշտ է, որտեղ կարող են երկուսի շահերը համընկել, բայց միևնույն ժամանակ միմյանցից տարբեր տեսակետներ ու մոտեցումներ ունենալ։ Այս իմաստով ՀՀ-ն արտաքին քաղաքականության մեջ ունի իր սեփական շահերն ու տեսլականը, և թե որևէ մի դաշտում համընկնում է ՌԴ-ի ընդհանուր քաղաքականությանն ու մոտեցումներին, ապա պետք է հասկանալ, որ պարզապես համագործակցության ու դաշնակցային հարաբերությունների համընկնման կիզակետ է։ Սակայն սա չի նշանակում, որ մենք հետևում ենք մեկ այլ պետության, տվյալ դեպքում ՌԴ քաղաքականության ընդհանուր տեսլականին։
Պետք չէ մոռանալ նաև, որ մենք ԱՊՀ անդամ պետություն ենք, ՀԱՊԿ անդամ ենք, ԵՏՄ-ի շրջանակում ենք համագործակցում, ԱՊՀ տարբեր միջխորհրդարանական հարթակներում, բնականաբար, այս ամենը բոլոր անդամների առջև դնում է հստակ պարտականություններ, որոնք չկատարելն ավելի խնդրահարույց է, քան նման պետության հարցում բարեգործական դիրքորոշում հայտնելը, որտեղ, ի դեպ, ապրում են մեր հայրենակիցները։ Մենք մեր մարդասիրական օգնությունը ցույց չենք տվել Լատինական Ամերիկայի որևէ մի երկրի, այլ ցույց ենք տվել Սիրիային, որը մեր Սփյուռքը ներկայացնող ամենակարևոր երկրներից մեկն է, այս հարցում մեր դիրքորոշումը չափազանց կարևոր է։ Թեպետ, եթե մարդասիրական օգնություն ցույց տային նաև Լատինական Ամերիկայի որևէ երկրի, ապա կրկին շատ դրական է, քանի որ ՀՀ-ն միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ է և իր առջև ունի խնդիր արձագանքելու, դիրքորոշում հայտնելու նմանատիպ իրավիճակներում հայտնված երկրների հարցում։
- Ուզում եք ասել, որ եթե ընդհանուր առմամբ ամփոփենք, ապա սա որևէ խնդիր չի՞ առաջացնի միջազգային հանրության համար, նույնիսկ հաշվի առնելով ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, եթե ցանկանան, չե՞ն կարող ինչ-որ պահի օգտագործել մեր դեմ։
- ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն այնքան էլ քննադատող ու խնդրահարույց չէր, ինչքան ներկայացվեց հայաստանյան քաղաքական դաշտում, բայց մի օր առհասարակ ցանկացած հարց, ցանկացած ձևաչափով, եթե պետությունը ցանկանա օգտագործել մեկ այլ պետության դեմ, կարող է անպայման ցանկացած սողանցք գտնել, ինչ-որ խորշ գտնել և օգտագործել։
- Մենք խոցելի երկիր ենք, պետք չէ գործել այնպես, որ հնարավորինս փակեն խորշերը և սողանցքի տեղ չթողնել, համաձայն չե՞ք։
- Մենք խոցելի երկիր չենք, պարզապես մենք պետություն ենք, որը գտնվում է շահերի բախման խաչմերուկում, պետություն ենք, որը գտնվում է չափազանց բարդ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքում։ Այս իմաստով մեր դեմ կարող են օգտագործվել ինչ-ինչ տեսակետներ ու մոտեցումներ, որոնք մեզ համար օբյեկտիվորեն չեն կարող խնդրահարույց լինել։ Այն, ինչ բարձրաձայնում ենք, սուբյեկտիվ ենթատեքստ պարունակող գործոններ են։ ՀՀ-ն հավատարիմ է միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորություններին, և մենք պետք է նաև հաշվի առնենք մեր տարածաշրջանում մեր պետության առջև այս կամ այն միջազգային կազմակերպության ձևաչափի շրջանակում ստանձնած պարտավորությունները։
- ՀՀ-ն այս տարիների ընթացքում սիրիական հակամարտության հետ կապված կարողացել է իրեն չեզոք դերում պահել, ինչի արդյունքում այս կամ այն պետության շահերի բախման կիզակետում չի հայտնվել։ Կկարողանա՞նք նույն դիրքում մնալ, թե՞ հիմա խնդիրը բարդացել է, և աշխատելու տեղ դեռ շատ կա։
- Ըստ իս՝ ՀՀ-ն արտաքին քաղաքականության մեջ որդեգրել է մի հետաքրքիր ձևաչափ, որը կարող եմ պայմանական անվանել դրական չեզոքության դիրքորոշում, որը հնարավորություն է տալիս ադեկվատ, տեղին ու համարժեք արձագանքել ցանկացած տեսակի տարածաշրջանային բարդ, խնդրահարույց իրավիճակներին, այդ թվում՝ այնպիսի, ինչպիսին սիրիական հակամարտությունն է։ Մի՛ մոռացեք, որ Սիրիա ասելով մենք գործ ունենք այնպիսի մի բարդ իրավիճակում հայտնված երկրի հետ, որտեղ բախվել են այսօր աշխարհում խոշորագույն տերությունների շահերը, այդ բախման արդյունքում առաջացած կոլապսային իրավիճակը դեռ հայտնի չէ, թե վերջնականապես ինչպես կհանգուցալուծվի։ Մի՛ մոռացեք, որ տարածաշրջանի խոշորագույն խաղացողները՝ ռազմաքաղաքական գործոնի տեսանկյունից, այդ թվում՝ Թուրքիան ու Իրանը ևս ներգրավված են այս թնջուկում։ Այս իմաստով ՀՀ-ի առջև ծանրացած է շատ բարդ ընտրության խնդիր, նկատի ունեմ դիրքորոշման հարցում։ Դրական չեզոքություն ստանձնելը ենթադրում է նաև արձագանք, ինչպես նաև արձագանքին հետևող քայլերի հավասարակշռված շարունակություն։










