Ուկրաինայի նախագահի թեկնածուն շփոթել է իր նախընտրական ծրագիրը Հիտլերի ծրագրի հետ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Սերգեյ Կապլինը շփոթել է իր նախընտրական ծրագիրը ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծրագրի հետ՝ ուղիղ եթերում ակամայից պաշտպանելով նրա Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության 25 կետանոց պաշտոնական ծրագրի առաջարկած բարեփոխումները:
Hate Night Live հաղորդման հաղորդավար Յուրի Գուդիմենկոն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում պատմել է այն մասին, թե ինչպես է ինքը եթերում ընթերցել Հիտլերի կազմած ծրագիրը, իսկ ուկրաինացի քաղաքական գործիչը սկսել է մեկնաբանել ու պաշտպանել այն՝ գլխի չընկնելով, որ դա իր նախընտրական ծրագիրը չէ:
«Կարդում եմ իրար հետևից առաջին կետը, երկրորդ, երրորդ…Կապլինը ոչինչ չի նկատում, մեկնաբանում է այն, կարծես այն իր ծրագիրն է, վիճում է, պաշտպանում է ամեն կետը, պատմում, թե ինչպես է ընդունելու օրենքներ ըստ այդ կետերի: Այդ ամենը շարունակվում էր 20 րոպե: Հետո ես չդիմացա ու հայտնեցի նրան, որ այդ ծրագիրը գրել է ոչ թե նա, այլ Հիտլերը»,- գրել է հաղորդավարը:
Դրանից հետո Կապլինին, իհարկե, մեղադրել են սեփական նախընտրական ծրագրից գաղափար չունենալու մեջ, մինչդեռ քաղաքական գործիչը չի ընդունել քննադատությունն ու արդարացել, որ քննարկված կետերը շատ նման են իր ծրագրին:










