Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ իրենց արտաքսում են Վենեսուելայից

05:30 • 18.02.19

Իսպանական Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Էստեբան Գոնսալես Պոնսը հայտարարել է, որ իրեն և Եվրախորհրդարանի պատվիրակության այլ անդամներին արտաքսում են Վենեսուելայից նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանով:

«Մեր անձնագրերը վերցրել են և արտաքսում են մեզ Վենեսուելայից: Մեզ հետ վատ են վարվում և միակ բացատրությունը որ տալիս են այն է, որ Մադուրոն չի ուզում, որ մենք այստեղ լինենք», - գրել է նա իր թվիթերյան էջում:

Եվրախորհրդարանի անդամն ընդգծել է, որ նախագահ Խուան Գուաիդոյի հրավիրած առաջին պատվիրակության անդամ է: «Եթե մեզ արտաքսեն, սա պետք է լինի վերջնական ապացույցն այն բանի, որ երկխոսության բոլոր տարբերակները վերջացել են և ԵՄ-ն պետք է դուրս գա Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբից», - հավելել է նա:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան իր հերթին հայտարարել է, որ Վենեսուելայի իշխանությունները թույլ չեն տա խաթարել խաղաղությունն ու կայունությունը երկրում: «Պաշտոնական դիվանագիտական աղբյուրներով մեզ հայտնի է դարձել Եվրախորհրդարանի մի խումբ անդամների ժամանման մասին, որոնք ցանկանում էին այցելել երկիր դավադրության նպատակով: Նրանց խորհուրդ է տրվել խուսափել սադրանքներից», - ընդգծել է Արեասան: