Հայիթիում ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի փողոցներն ու պահանջում են նախագահի հրաժարականը

03:26 • 18.02.19

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում երկրի նախագահ Ժովենել Մոիզի դեմ բողոքի ակցիաները շարունակվում են, հաղորդում է TACC-ը՝ կանադական CTV հեռուստաալիքին հղումով:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարներն իրենց վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի փողոցներն ու պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը: Նրանք քննադատում են իշխանություններին երկրում ինֆլյացիայի սրընթաց աճի, կոռումպացված պաշտոնյաների և անելանելի իրավիճակի համար:

Հիշեցնենք, որ Հայիթիում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարի 7-ից: Այդ ընթացքում առնվազն յոթ մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում` ակցիաները լուսաբանող լրագրողներից մեկը: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառում են արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:

Ժովենել Մոիզը հայտարարել է, որ հրաժարական չի տալու և պատրաստակամություն է հայտնել երկխոսել դժգոհող քաղաքացիների հետ:

ԱՄՆ կառավարությունը հորդորել է ամերիկացիներին հրաժարվել Հայիթի մեկնելու գաղափարից: