Ռուս լրագրողը դրամահավաք է սկսել` ռեփեր Դեցլի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով

01:52 • 19.02.19

Ռուս լրագրող Ռոման Սուպերը ցանկանում է ռեփեր Դեցլի մասին փաստագրական ֆիլմ նկարահանել: Այդ նպատակով նա դրամահավաք է սկսել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ես ուզում եմ փաստագրական ֆիլմ նկարահանել Կիրիլ Տոլմացկիի մասին, որպեսզի ինձ և ձեզ պատմեմ, թե ով էր իրականում ռեփեր Դեցլը, ինչ նպատակներ ուներ, ինչպիսին էր երազում տեսնել Ռուսաստանը: Ես ուզում եմ մարդկայնորեն, առանց բղավելու պատմել ամենաչգնահատված ռուս արվեստագետի մասին, որը փորձել է ստեղծագործել ոչ թե ինչպես բոլորը, այլ ինքնատիպ կերպով: Առաջարկում եմ օգնել ինձ այդ հարցում»,- նշել է Ռոման Սուպերը:

Նրա խոսքով` ֆիլմի նկարահանումների համար անհրաժեշտ է հավաքել 3,5 մլն ռուբլի: Դրամահավաքի առաջին օրը ֆիլմի ստեղծմանն իր աջակցությունն է ցուցաբերել 455 հոգի, նվիրատվությունը կազմել է ավելի քան 656 հազար ռուբլի:

Հիշեցնենք, որ ռեփեր Դեցլը մահացել է փետրվարի 4-ին` Իժևսկում կայացած համերգից հետո: Նա 35 տարեկան էր:

Ռուս լրագրողը դրամահավաք է սկսել` ռեփեր Դեցլի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով