Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխայի հետ դուրս են անում բնակարանից
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանն ընտանիքի հետ միասին հայտնվել է բարդ իրավիճակում: Դատարանը վճռել է Գևորգին կնոջ և իրենց հինգ երեխայի հետ դուրս հանել համայնքային բնակարանից:
Ինչպես վերջինս պատմել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում, երկբնակարան տունը, որի իրենց մասը Գևորգն իր ձեռքով է վերանորոգել, ժամանակին պատկանել է ձեռնարկությանը, որում աշխատել է Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապը:
Այդ տանը ծնված օրվանից ապրել է Տատյանան, որը 27 տարի չի պատկերացրել, որ օրինական չի բնակվում այդտեղ, մինչև վիճաբանություն է տեղի ունեցել քրոջ հետ, որը բնակվում է հարևան բնակարանում: Հենց նա էլ դատարան է դիմել:
«Բոլորն անտարբեր են, ոչ ոք չի ցանկանում ոչնչով օգնել»,- ասել է ընտանիքի հայրը:
Բազմազավակ ընտանիքին պաշտոնապես դուրս չեն անում փողոց: Տատյանան կեցության թույլտվություն ունի քրոջ բնակարանում, սակայն բնակարանն ընդամենը 30 քառ. մետր է, և քույրն էլ ուրախ չէ ընդունելու բազմազավակ ընտանիքին:
Երիտասարդ զույգը չի կարող նաև հիփոթեքային վարկ ձևակերպել, Տատյանան դեկրետային արձակուրդում է գտնվում, իսկ Գևորգը Հայաստանի քաղաքացի է, թեև Ռուսաստան է տեղափոխվել 14 տարի առաջ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Գևորիգին պարգևատրել էին իր հերոսական արարքի համար և կրակմարիչ նվիրել:










