ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ Ստեփանակերտ չի գա, պատճառն այցի թեմատիկան է. Դավիթ Բաբայան

21:52 • 20.02.19

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի շրջանակներում այս անգամ Ստեփանակերտում չի լինի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Համանախագահները տարածաշրջան այցի շրջանակներում գրեթե միշտ այցելում են նաև Արցախի Հանրապետություն: Լինում են մի շարք բացառություններ, երբ չեն գալիս: Եղանակային խնդիրները կարող են լինել պատճառ, և մի քանի անգամ նման բան եղել է, որ ծրագրված է եղել այցը, բայց հանդիպում չի ստացվել, չգալու պատճառ կարող է լինել նաև այցի թեմատիկան»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը պարզաբանեց՝ այս անգամ համանախագահները եկել են, որպեսզի կազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի  ղեկավարների և պատասխանատուների միջև հանդիպումը:

«Այդ դեպքերում նրանք սովորաբար Արցախ չեն գալիս: Գալիս են, որ պայմանավորվեն ղեկավարների հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ,- ասաց նա՝ նշելով, որ չգալու պատճառի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբն անձամբ է հայտնել,- նախկինում էլ մի քանի անգամ եղել է նման բան»:

Դավիթ Բաբայանի նկատառմամբ՝ Արցախը չի մնում դուրս ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային այս այցի շրջանակներից: «Պարզապես այցի թեման Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է: Իսկ նման դեպքերում սովորաբար նրանք չեն այցելում Ստեփանակերտ»:

Հիշեցնենք, որ Երևանում են տարածաշրջանային այցով ժամանած, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վաղը նախատեսված է նրանց այցը Բաքու:

 

 

 

 

ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ Ստեփանակերտ չի գա, պատճառն այցի թեմատիկան է. Դավիթ Բաբայան