Բոլթոնը ցանկանում է որոշակի քաղաքական գործարք իրականացնել Ադրբեջանի հետ և դա փորձելու է անել ՀՀ-ի հաշվին. Ավետիք Չալաբյան (տեսանյութ)

22:16 • 25.02.19

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջանային այցից հետո հայտարարություն չտարածելը մտահոգող է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին պետք է ակտիվանա, չի իրականանում․ համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ:

«Ընդհանուր առմամբ, առավել անհանգստացնող է այն, որ մինչև վերջ պարզ չէ, թե ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում: Տեղի են ունենում հանդիպումներ, բանակցություններ, և դրանց մասին որևէ հանրային լուսաբանում, թափանցիկություն գոյություն չունի»,- ասաց նա:

Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հարցազրույցին, որտեղ խոսվել էր Մադրիդյան սկզբունքների վարիացիաներից մեկին՝ «Լավրովի պլանին»: Նա պատահական չհամարեց ամերիկացի դիվանագետների՝ Հայաստանի կողմից «տարածքներ վերադարձնելու» մասին հայտարարությունները:

«Միացյալ Նահանգները շատ կոնկրետ խնդիր է հիմա հետապնդում: Նրանց պետք է Ադրբեջանն օգտագործել որպես Իրանի դեմ պլացդարմ: Եվ որպեսզի դա անեն, պետք է կարողանան Ադրբեջանին որոշակի քաղաքական նվեր մատուցել: Այդ քաղաքական նվերն իրենք, բնականաբար, փորձելու են մատուցել մեր հաշվին: Այսինքն՝ խոսքը գնում է մեծ, «դարի գործարքի մասին, երբ որ ամերիկյան կողմը կարողանում է հայկական կողմից մեր համար բացարձակ անընդունելի զիջումներ կորզել, այդ զիջումները տրամադրել Ադրբեջանին, դրա դիմաց ստանալ շատ կարևոր զիջումներ Ադրբեջանից՝ նրան միացնելով հակաիրանական կոալիցիային,- ասաց նա՝ նշելով, որ այդ զիջումը կարող է տարբեր տեսք ունենալ,-դա կարող է լինել Ադրբեջանում ամերիկյան բազա, և դա կարող է լինել նաև այն տարածքներում, որոնք փորձելու են մեր ձեռքից վերցնել, տալ Ադրբեջանին, որովհետև դրանք սահմանակից են Իրանին»:

Նա այս համատեքստում նկատեց՝ պետք է հասկանալ, որ ամերիկյան ղեկավարությունը միանձնյա կառույց չէ, երկրի նախագահի մոտ հավաքվում են բազմաթիվ կառույցների ղեկավարներ, որոնք այս կամ այն կերպով առնչվում են անվտանգության, դիվանագիտական խնդիրների հետ:

«Կա մի խումբ, որը ներկայացնում է Ամերիայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը այցելել էր Հայաստան, որը նաև Մերձավոր Արևելքի գծով իրենց լավագույն մասնագետներից է: Նա Իրանի նկատմամբ ունի շատ կոշտ դիրքորոշում, և ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի նկատմամբ: Եվ նա իր այդ դիրքորոշումն անընդհատ պրոյեկտում է և՛ իր հայտարարություններում, և՛ իր ելույթներում, Նա Հայաստանում էլ բաց տեքստով ասաց, որ ամերիկյան ճնշումն Իրանի նկատմամբ պետք է շարունակվի, մինչև հնարավոր լինի Իրանին ծնկի բերել»,- ասաց նա՝ նորից շեշտելով, որ ամերիկյան քաղաքականության մեջ բոլորը չէ, որ այդ դիրքորոշման կողմնակիցներն են:

Մանրամասները՝ տեսանյութում: