Թուրքիայի հրեական համայնքն իր աջակցությունն է հայտնել ստամբուլահայությանը՝ հայկական եկեղեցու դեմ վանդալիզմի ակտի միջադեպի ֆոնին

12:14 • 26.02.19

Թուրքիայի հրեական համայնքի ներկայացուցչությունն իր աջակցությունն է հայտնել ստամբուլահայ համայնքին՝ կապված օրերս Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Բալաթ թաղամասում հայկական Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմի ակտի դրսևորման դեպքի հետ:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը», հրեական համայնքը դատապարտել է անհայտ չարագործների քայլն ու հույս հայտնել, որ մեղավորները հնարավորինս կարճ ժամկետներում կհայտնաբերվեն ու կպատժվեն:

Հիշեցնենք, որ անհայտ անձինք հայկական եկեղեցու պատերին «ձեր վերջը եկել է» և այլ տեսակի գրառումներ էին թողել: Թուրքիայում փորքամասնությունների կազմակերպության ներկայացուցիչ Մորիս Լևին դատապարտել է ատելության գործողությունը՝ հայտնելով, որ դրա առնչությամբ կազմակերպությունը բողոք է ներկայացրել Ստամբուլի անվտանգության վարչություն:

Անցյալ տարի Ստամբուլի Քադըքյոյ շրջանում ազգայնական գրառումներ էին արվել հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատերին: «Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերենով գրել էր․ «Այս հայրենիքը մերն է»։ Բացի այդ՝ մեծ քանակությամբ աղբ է լցվել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։

Ավելի վաղ ռասիստական բնույթի մի քանի գրություններ էին հայտնվել Ստամբուլի Ուսքյուդար (պատմական Սկյուտառ -tert.am) շրջանում հայկական Կալֆայան վարժարանի պատերի վրա: