Տիմոշենկոն հայտարարել է Պորոշենկոյին պաշտոնանկ անելու գործընթացի մեկնարկի մասին
Ուկրաինայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն Գերագույն ռադայի ամբիոնից հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու գործընթացի մեկնարկի մասին: Ընդդիմադիր քաղաքական գործիչը կոչ է արել բոլոր օրենսդիրներին աջակցել իրեն, գրում է tass.ru-ն:
«Մենք հայտարարում ենք, որ մեզ աջակցող մյուս խմբակցությունների հետ նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց ենք սկսում»,-ամբիոնից հայտնել է Տիմոշենկոն:
Պատգամավորը մանրամասնել է, որ Պորոշենկոյի դեմ նման գործընթաց սկսելու համար հիմք է ծառայել լրագրողների բացահայտումն առ այն, որ նախագահը և իր շրջապատը բարձր գներով Ռուսաստանից ուկրաինական բանակի համար անհրաժեշտ ռազմական ապրանքներ են գնել:
«Ըստ էության, սա թշնամուն ցուցաբերված աջակցություն է, ուկրաինական բանակի ոչնչացում: Սա պետական մակարդակի գործ է: Մենք գտնում ենք, որ կատարվածը համարժեք է պետական դավաճանության»,-հավելել է Տիմոշենկոն:










