Կարծում եմ՝ պատմության դասագրքերում թյուր ինֆորմացիա է ներկայացված մարտի 1-ի իրադարձությունների մասին․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

15:50 • 27.02.19

Իմ հրամանով ստեղծված է հանձնաժողով՝ պատմության մասնագետների ներգրավմամբ, որ ուսումնասիրում է հարցը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, որ 2008 թ․-ի մարտի 1-ի իրադարձությունները խեղաթյուրված են ներկայացված պատմության դասագրքերում։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի մեջ ներգրավված են անձինք բուհերից, դպրոցներին, ինչպես նաև այն անձանցից, որոնք բարձրաձայնել են այս խնդիրների մասին։ «Հիմա քննարկում է գնում այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ որոշակի լուծումներից հետո նրանք այդ եզրակացությունը կներկայացնեն։ Խնդիրները նաև պատմության դասագրքերի հետ են եղել, մասնագետները կտան եզրակացություն»,- ասաց նա։

Հարցին՝ եթե հաստատվի, որ մարտի 1-ի իրադարձությունները պատմության դասագրքերում խեղաթյուրված են, ապա խեղաթյուրողները պատասխան կտա՞ն, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Եկեք ես պատասխանատվությունների մասին չասեմ, որովհետև սա այլ դաշտ ու ոլորտ է»։

ԿԳ նախարարը շեշտեց, որ անձամբ չի ուսումնասիրել հարցը, իսկ խնդրին ծանոթ է հրապարակումներից։ Ինչ վերաբերում է իր անձնական տեսակետին, Արայիկ Հարությունյան ասաց․ «Կարծում եմ՝ թյուր ինֆորմացիա է ներկայացված մարտի 1-ի իրադարձությունների մասին»։

Դպրոցներից շախմատ առարկան հեռացնելու հետ կապված էլ ևս մեկ անգամ նշեց, որ շախմատ առարկան մնալու է դպրոցում։

ՀեղինակԱնի Օհանյան