Այս միավորումների արդյունքում ներկա պահին կրճատումներ չեն լինելու․ Արայիկ Հարությունյանը՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին (տեսանյութ)

16:06 • 27.02.19

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը չգիտի, թե ինչու է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծն ԱԺ բերելն ուշանում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ աշխատակազմի հետ հարցը կքննարկի և չբացառեց, որ խնդիրը կարող է զուտ տեխնիկական լինել։

Ինչ վերաբերում է իր ոլորտի փոփոխություններին, Հարությունյանը նշեց․ «Այդ երեք նախարարությունները, որոնք պետք է միավորվեն, ըստ էության, որոշակի գործողություններ անում եմ, նկատի ունեմ՝ ծանոթանում եմ ոլորտներին, խնդիրներին»։

Արայիկ Հարությունյանը, խոսելով աշխատակազմի կրճատումների մասին, որը կարող են առաջացնել կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ասաց, որ ներկա պահին կրճատում չի լինի։ «Այս միավորումների արդյունքում ու ներկա պահին կրճատումներ, ըստ էության, չեն լինելու:

Միավորումները լինելու են, հետո մենք նայելու ենք, թե ներսում ինչ գործառույթներ կան, որքան մասնագետներ են անհրաժեշտ, նոր կորոշվի»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ չբացառելով, որ աշխատակազմի թվի մեջ որոշակի փոփոխություններ կլինեն։

Նախարարն անդրադարձավ նաև մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քանի որ նախարարությունը միավորվել է ԿԳՆ-ին։ Հարությունյանը, պատասխանելով ՊՈԱԿ-ների փակման մասին հարցին, որի հետևանքով նաև Համազգային թատրոն է կանգնում խնդիրների առաջ, նշեց․ «Մշակույթի նախարարության ղեկավարության հետ խոսել եմ, ինձ ներկայացրել են, որ դա աշխատանքային սևագիր փաստաթուղթ է։

Մի բան կուզեմ մշակույթի ներկայացուցիչներին ասել՝ պահպանենք  հանդարտություն, բոլոր հարցերը միասին կքննարկվեն, չեմ կարծում, որ այստեղ խնդիրներ կլինեն»: Հարցին՝ կարողանալո՞ւ է ղեկավարել ԿԳՆ-ին միավորվող նախարարությունները, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բարդ է, բայց վստահաբար առաջ կգնանք»։

ՀեղինակԱնի Օհանյան