Փաշինյանն ու Ռոհանին կարևորել են էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը կավելացնի էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպմանը ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար:
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր և գրավիչ դարձնելուն:
Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևորվել է ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երևանում և Թեհրանում կազմակերպել հայկական և իրանական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կազմակերպել բիզնես ֆորում:
Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին կարևորել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մասնավորապես, դեղագործության, զբոսաշրջության, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:










