Ո՛չ հիմներգը, ո՛չ եռագույնը Դաշնակցությանը չեն, ամբողջ հայ ժողովրդինն են. Թեհրանի թեմի հոգևոր առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանին
Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է տեղի հայ համայնքի հետ: Փաշինյանը տիկնոջ և պատվիրակության ուղեկցությամբ ժամանեց Թեհրանի «Արարատ» համալիր, որտեղ նրան ընդունեցին ծափողջույններով:
Թեհրանի թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը նշեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը իրենց համար հիմնական հարցերից մեկն է:
«Կյանքի մեջ նվիրական սրբություններ կան, մեծատառ ավանդություններ կան, որոնք ժողովրդի կյանքի գոյության առանցքն են: Այն ժողովուրդները, որոնք այդ մեծատառ ավանդություններով, հոգևոր ու ազգային արժեքներով իրենց կյանքը իմաստացնում են, իրենց գոյությունն այս երկրի վրա խարսխում են: Մեր մտահոգությունները մենք Ձեզ ենք փոխանցում, պարո՛ն վարչապետ, վստահ ենք, որ Ձեր իմաստուն տնօրինումով մեր ժողովուրդը միասնության կառաջնորդեք: Մեր մտահոգություններից ամենից կարևորն այն է, որ մեր ժողովուրդն այնքան ամուր զգա իրեն հայրենի հողի վրա, Սփյուռքում, որ որևէ մեկն իր երթը դեպի ապագա չկարողանա խոչընդոտել»,- ասաց Թեհրանի թեմի հոգևոր առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը:
Նա նշեց, որ նվիրական սրբությունները՝ եռագույնը, ՀՀ զինանշանը, օրհներգը, հոգևոր արժեքներ են, որոնք սխալ են մեկնաբանվում, «ասում են, որ կուսակցական գերբեր են»: «Ո՛չ հիմներգը, ո՛չ եռագույնը Դաշնակցությանը չեն, ամբողջ հայ ժողովրդինն են: Հայ ժողովրդի նավը Դուք պետք է ղեկավարեք: Մենք վստահ ենք, որ նավը կառաջնորդեք դեպի խաղաղության նավահանգիստ»,- եզրափակեց արքեպիսկոպոսը:










