ԱՄՆ-ում ոստիկանը սառցակալած ջրերի մեջ մնացած շանը փրկելու համար վտանգել է կյանքը (տեսանյութեր)

19:28 • 27.02.19

Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի Մոնրո շրջանի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցը սառցակալած ջրերի մեջ մնացած շանը փրկելու համար վտանգել է կյանքը: Այս մասին Twitter-ում հայտնել է Օգդեն քաղաքի ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ի գիշերը: Անհայտ անձն ահազանգել է ոստիկանություն և հայտնել վտանգի մեջ գտնվող շան մասին:

Սերժանտ Թրևիս Գրեյի կրծքին ամրացված տեսախցիկից արված կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանության սերժանտը մեն-մենակ սառույցի բարակ շերտի վրայով հասնում կենդանուն: Տեսանյութի վերջին վայրկյաններին ոստիկանը ծնկի է գալիս և ձախ ձեռքով կենդանուն հանում ջրից:

Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ շունը շատ վախեցած ու սառած է եղել, սակայն շուտով վերականգնել է ուժերը, իսկ ավելի ուշ հաղորդվել է, որ կենդանին միանգամայն առողջ է: