«Մարդ պետք է ամոթ ունենա». Էրդողանը՝ Խուան Գուաիդոյին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական NTV և Star հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերքել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ, իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի այն հայտարարությունները, թե որոշ վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաներ փախել են Թուրքիա:
«Իմ երկրում Վենեսուելայից փախած որևէ մեկը չկա: Մեր միջև կան առևտրային հարաբերություններ, այդ համագործակցության շրջանակում այնտեղից պաշտոնյաներ են գալիս, հանդիպումներ անցկացնում», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ Գուաիդոն նման հայտարարություններ է անում, քանի որ լավ չի ճանաչում Թուրքիային:
Էրդողանը քննադատել է վենեսուելական ընդդիմության առաջնորդին՝ հայտարարելով, որ նա Վենեսուելան դրսից ղեկավարել փորձող ուժերի դրածոն է:
«Պետք է ընդունել հետևյալ իրողությունը՝ Մադուրոն ընտրված առաջնորդ է: Գուաիդոն ընտրված առաջնորդ չէ: Մարդ պետք է ամոթ ունենա, դու ախր ընտրությամբ չես եկել, քեզ ինչ-որ մեկն է մեջտեղ բերել», - ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև պնդել է, որ Վենեսուելայի ժողովրդի՝ սոցիալական չափազանց ծանր վիճակի մասին լուրերը կեղծ են, և իրականում այդ երկրում ամեն բան կարգին է:
«Ասում են՝ սով, չքավորություն և այլն… Ես վերջերս այնտեղ էի, նման բան չկա», - հայտարարել է Էրդողանը:










