Մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպված քայլ, նրա դեմ իշխանության կողմից հայտարարված պատերազմ. ԶԼՄ ներկայացուցիչները` քաղաքապետարանի որոշման մասին

13:27 • 27.02.19

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, «Նյութ» լրատվական գործակալության խմբագիր Աշոտ Աղաբաբյանը  և քաղաքագետ Աղասի Ենոքյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրությունների ստացած ծանուցմանը:

Ըստ դրա՝ նրանք պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը մոտավորապես տասը տարի այդ տարածքում գործելուց հետո: Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ երեկ որպես ժուռնալիստների միության նախագահ զանգահարել է քաղաքապետի ընդունարան՝ ակնկալելով մինչ այս ասուլիսը խմբագիրների հետ հանդիպում կազմակերպել, որ խնդիրը քննարկվի,  սակայն երկու անգամ էլ գործավարն ասել է, որ քաղաքապետը զբաղված է:

Նա մեջբերեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի դիտարկումը, ըստ որի՝ այս ծանուցմամբ ոտնահարվել է ավագանու որոշումը: «Այսինքն՝ այս որոշումն ապօրինի է: Աշխարհում չկա որևէ մեդիա, որն ինքնածախսածածկ է»,-ասաց նա և նշեց, որ ճիշտ կլիներ՝ քաղաքապետարանը խնդիրները քննարկեր և հասկանար, թե ինչ է տեղի ունեցել:

Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ լրագրողներն իրենց խոսքի ազատությունը նվաճել են ամենօրյա աշխատանքի միջոցով և հարգանք են պահանջում: «Այդ վերջնագրերով խոսելու ոճը, չեմ կարող ասել, որ կարող է լավ բանի հանգեցնել: Սա այն վերջնագիրն է, որն ընդունել է նոր իշխանությունը քննադատական խոսքի նկատմամբ, և այն մեդիաները, որոնք այս ճակատագրին են արժանացել, քննադատող մեդիաներից են: Ես սա դիտարկում եմ մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպած քայլերից մեկը՝ կա՛մ եկեք իշխանության դաշտ, կա՛մ դուրս եկեք»,-ասաց նա:

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ սա ոչ թե Հայկ Մարությանի որոշումն է, այլ վարչապետի կողմից իջեցված հրահանգ է: Ի դեպ, առաջարկ ներկայացրեց բոլոր այս լրատվամիջոցներին տեղակայել Արշակունյաց փողոցում գտնվող մամուլի շենքում, դուրս հանել այնտեղից կոմերցիոն կազմակերպություններին, որոնք մամուլի հետ կապ չունեն:

Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ այս շենքի աջ և ձախ կողմերում ևս շենքեր են, և դեպի Հանրապետության հրապարակի հատվածում էլ նախկին նախարար Արամ Հարությունյանը շենքեր ունի, ապա կոչ արեց քաղաքապետարանին գնալ և դրանք վերցնել ու արդյունավետ օգտագործել: Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե հավասար դաշտ է բերվում մամուլը, քանի որ «Հետքը»-ը, որը ևս գտնվում է այդ տարածքում, վճարում է, Աշոտ Աղաբաբյանն ասաց.

«Ես առաջարկում եմ «Հետքի» դարձնել անվճար, և բոլորս կլինենք հավասար: Մենք աղբանոց ենք ստացել, միլիոններ ենք ծախսել: Կարծում եմ, որ միայն իրենք չեն Երևան համայնքի համար աշխատում, մենք էլ ենք աշխատում»,-ասաց նա:

Աղասի Ենոքյանը նկատեց, որ ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին սև ու սպիտակի, այնպես էլ մամուլն է ներկայումս բաժանվում սև ու սպիտակի: «Ի վերջո, փոքր համքարություն է լրագրողական համքարությունը: Բոլորս գիտենք, թե ինչպես եղավ հեղափոխությունը, հեղափոխությունը եղավ ժողովրդի և մամուլի միջոցով»,-ասաց նա

Վերջինիս դիտարկմամբ՝ մամուլի դեմ իշխանությունը պատերազմ է հայտարարել, և սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է, ինչի դեմ մամուլը պետք է դիմադրի: