ԵՊՀ-ում ճնշումներ են տեղի ունենում, քանի որ բուհը վարչապետի տիկնոջ հիմնադրամին գումար չի փոխանցել. Նարեկ Մալյան

13:27 • 27.02.19

 

 

ԵՊՀ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը ժամը 11:00-ից ԵՊՀ-ում սկսելու է խորհրդի նիստը, որի օրակարգում ռեկտորի պաշտոնանկության հարցն է:

Նրանք նշեցին, որ իրենց հերթական ակցիան ևս կմեկնարկի այդ ժամանակ:

Նախաձեռնության անդամներից Նարեկ Մալյանը նշեց, որ իրենց տեղեկությունները, որ խորհրդի անդամների վրա ճնշում կա, թերևս հաստատվեց, քանի որ այսօրվա շրջայցի ժամանակ իրենց չհաջողվեց խորհրդի անդամներից ոչ մեկին տեսնել ու հարցնել:

Նա նշեց, որ օրվա ընթացքում ինքը պատրաստ է հանդիպել խորհրդի այն անդամների հետ, ովքեր ցանկություն կունենան իր հարցերի պատասխանները տան: «Եթե ապօրինություններ չկան, թող այդ ամենը պարզ ու թափանցիկ լինի, իսկ եթե ոչ, ուրեմն սա 37 թ-ին հարիր գործունեություն է»,-ասաց նա:

Մալյանը նաև նշեց, որ ենթադրում է, որ ԵՊՀ-ում նման ապօրինություններ են տեղի ունենում, քանի որ բուհը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար չի փոխանցել: Ուստի նա նախաձեռնեց դրամահավաք կազմակերպել բուհի անունից գումար փոխանցելու հիմնադրամին: Նա մի արկղ էր առանձնացրել և հորդորում էր մանրադրամներ գցել արկղի մեջ, որպեսզի դադարեցնեն հետապնդել բուհին: 

13:27

«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամները, որի կազմակերպիչներից է ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, շարունակում են բողոքի ակցիան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Նրանց խոսքով խնդիրը ոչ թե ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտպանությունն է, այլ այն, որ անհիմն մեղադրանքներով դուրս են եկել պետական ինստիտուտի՝ մայր բուհի դեմ:

Նարեկ Մալյանը նշեց, որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության կողմից արված հայտարարությունները մերկապարանոց են և որևէ հիմնավորում, թե 800 մլն-ի չարաշահումներ է եղել, չկա:

«Սա քաղաքական հետապնդումների դասական տեխնոլոգիա է, երբ սկզբից վարկաբեկում են, հետո պետական մեխանիզմն աշխատեցնում անձին ֆիզիկապես և բարոյապես ոչնչացնելու համար»,-ասաց Մալյանը:

Նա նաև նշեց, որ Ջորջ Սորոսի կողմից որոշ մարդիկ գումարներ են ստացել, որոնք հաստատվել են և նրանք այդ գումարների դիմաց տարբեր տեսակի ցույցեր են անում՝ հանրային կարծիք ձևավորելու համար: Ըստ նրա՝ իրենք խնդիր են դրել, որ
առողջ հանրային կարծիքը ևս երևա:

Այնուհետև Նարեկ Մալյանը լրագրողների ուղեկցությամբ շրջեց բուհի մասնաշենքերով և ցանկություն հայտնեց հանդիպել բուհի խորհրդի կազմի հետ, ովքեր վաղը պետք է քննարկեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Նա վստահ է, որ այդ անձինք նախարարության կողմից ճնշումների են ենթարկվել:

Նա նախ գնաց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ՝ ԵՊՀ խորհրդի անդամ Գևորգ Հաջյանի մոտ: Վերջինս տեղում չէր, սակայն Մալյանը խնդրեց փոխանցել՝ արդյոք ճնշում եղե՞լ է ԿԳ նախարարության կողմից և ինչպե՞ս է պատահել, որ խորհրդի անդամն իր կարծիքը 20 օրում փոխել է:

Այնուհետև նա հերթականությամբ այցելեց ֆակուլտետներ՝ պարզելու, արդյոք ռեկտորի պաշտոնականության հարցում նրանց վրա ճնշում եղե՞լ է, թե՞ ոչ: