Ճիշտ է, որ մեր գործընկերներին հայտնում ենք մեր մտահոգությունների մասին․ Ալեքսանդր Մարկարովը՝ Արարատ Միրզոյանի՝ Պետդումայում ելույթի մասին
Նույն ձևով, ինչպես հայկական կողմն է մտահոգություն հայտնում այն հարցի վերաբերյալ, որ ՌԴ պատգամավորները Բաքվում ինչ-որ հակահայկական միջոցառումների են մասնակցում, նույն կերպ ադրբեջանական կողմն է դժգոհում, երբ ռուս պատգամավորները՝ որպես դիտորդ, մասնակցում են Արցախում տեղի ունեցող ընտրություններին:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստանի պետդումայում ունեցած ելույթին:
«Պետդումայի պատգամավորն օժտված է ազատ մանդատով և ունենալով իր համոզմունքները՝ կարող է մասնակցել ինչ-որ միջոցառման, ներկայացնել իր համոզմունքները: Իսկ ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա այդ պաշտոնական կարծիքը արտացոլվում է ոչ թե առանձին վերցված պատգամավորների ելույթներում, այլ տվյալ երկրի արտգործնախարարության, նախագահի կամ վարչապետի կողմից, դա կարող է լինել նաև պետդումայի խոսնակի կողմից»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի պետդումայում, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, անդրադարձել էր նաև մի շարք ռուսաստանցի պատգամավորների՝ Բաքվում հակահայկական միջոցառումներին մասնակցելու մասին:
«Սիրելի ընկերներ, ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների (ՌԴ-Հայաստան - Tert.am) միջև առկա դաշնակցային փոխգործակցությանը, ինչպես նաև ռուսական կողմի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերին, որոշ մեր ռուսաստանցի գործընկերներ հենց երեկ մասնակից են դարձել վառ ընդգծված հակահայկական ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում և միտված է տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը:
Ավելին՝ արդարացի տարակուսանք է առաջացնում տվյալ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը», - ասել էր նա:
Ըստ Ալեքսանդր Մարկարովի՝ չի կարելի քաղաքական ելույթները որակել «լավ» կամ «վատ» բառերով, այլ պարզապես պետք է հասկանալ, թե նման ելույթներն ինչ ազդեցություն են ունենում երկու երկրների հարաբերությունների վրա:
«Պետք է նկատել, որ հարաբերությունների այն մակարդակը, որ եղել է երկու երկրների միջև, և որն ակնկալվում է պահել երկու ռազմավարական գործընկերների միջև, պահպանվում է: Իսկ ինչ վերաբերում է մեր մտահոգություններին, ապա ճիշտ է, որ մեր գործընկերներին հայտնում ենք դրանց մասին, ցույց տալիս, որ խնդիրներ կարող են գոյություն ունենալ, այդ խնդիրներին կարելի է անդրադառնալ աշխատանքային ձևով և ստանալ համապատասխան լուծումներ»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքական գործիչների քայլերը, ելույթները նպաստեն տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում մեր շահերի առաջմղմանը:
«Իսկ այդ շահերն ու առաջնահերթությունները ներկայացված են նաև կառավարության ծրագրում, որը վերջերս Ազգային ժողովն ընդունել է»,- ասաց նա:
Ալեքսանդր Մարկարովը նկատեց՝ Արարատ Միրզոյանի ելույթի հիմնական մասում շեշտադրվել են այն դրական տարրերը, որ կան հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նրա՝ այլ դեպքում դժվար կլիներ պատկերացնել, թե ինչու է հայկական պատվիրակությունը եղել Ռուսաստանում: «Իսկ խնդիրներ կարող են լինել ցանկացած, անգամ ամենաբարեկամական հարաբերություններում․ միշտ չէ, որ երկու լավագույն ընկերների մոտ կա բացարձակ համաձայնություն: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում էլ, չի բացառվում, որ կան խնդիրներ, որոնք կարիք ունեն շտկման»,- ասաց նա:
Խնդիրներին, քաղաքագետի դիտարկմամբ, կարելի է անդրադառնալ և՛ հրապարակայնորեն, և՛ նեղ բանակցային գործընթացների ժամանակ: «Խնդիր պետք է լինի այն, որ այդ քննարկումները չվնասեն այն հիմնական հարաբերությունները, որոնք առկա են»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Ալեքսանդր Մարգարովը նշեց․ «Եթե մենք անդրադառնում ենք այն ելույթներին, որոնք ունենում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ապա տեսնում ենք, որ հիմնական ռազմավարական գիծը փոխհարաբերություններում, պահպանվում է: Այն, ինչ վերաբերում է կասկածներին, որ վստահություն չկա երկրների միջև, ապա դա դիվանագիտության, քաղաքագիտության այն մասն է, որը հանրային մասից դուրս է, վերաբերում է ներքին հարաբերություններին: Պարզապես պետք է այնպես անել, որ առկա խնդիրները միջպետական հարաբերություններում խնդիրներ չառաջացնեն»,- ասաց նա:










