«Իրանի շուրջ վերջին իրադարձությունները հուզում են նաև Հայաստանին». Նիկոլ Փաշինյանը՝ հարևան երկրի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

12:30 • 27.02.19

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրանական պետական IRNA գործակալությանը տված հարցազրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին՝ նշելով, որ հարևան երկրի շուրջ ստեղծված իրավիճակն անհանգստացնում է նաև Հայաստանին:

«Իրանը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ զարգացող բոլոր իրադարձություններին: Ինչպես տեղյակ եք՝ 2015-ին Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանն առաջնորդվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ են բացվում դրանից տարածաշրջանային կայունության և համագործակցության առումով: Բնականաբար, Իրանի հետ կապված վերջին իրադարձություններն անհանգստացնում են նաև մեզ», - ասել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է հավասարակշռված քաղաքականություն վարել՝ պահպանելով երկխոսությունը խնդրում ներգրավված բոլոր կողմերի հետ:

«Այս պայմաններում Հայաստանը շարունակում է աշխատել համակարգված, բաց երկխոսություն վարել թե՛ իրանական կողմի, թե՛ մնացյալ բոլոր կողմերի հետ, որոնք ներգրավված են գործընթացում: Մենք հստակ պատկերացնում ենք մեզ անհանգստացնող խնդիրները, մեր մտահոգությունն ու մեր դիրքորոշումը: Մենք համոզված ենք, որ Հայաստանի կառուցողական մոտեցումը կարող է դրական գործոն հանդիսանալ առաջացած խնդիրների լուծման փնտրտուքների համատեքստում», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն ու նրա կինն այսօր պաշտոնական այցով մեկնել են Իրանի Իսլամական Հանրապետություն: