Սիրիայի հյուսիսում բացառապես կանանց համար նախատեսված գյուղ է ստեղծվել (լուսանկարներ)

17:55 • 27.02.19

Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ղամիշլիից ոչ հեռու տարածքում, որը վերահսկվում է քրդական զինված ջոկատների կողմից, ստեղծվել է բացառապես կանանց համար նախատեսված գյուղական համայնք: Այն յուրօրինակ ապաստան է դարձել քուրդ, արաբ և եզդի կանանց համար, որոնք տուժել են 2014-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից եզդիների դեմ սկսված զանգվածային կոտորածների ժամանակ:

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, Ջինվար գյուղում կանայք արդեն սեփական տնտեսությունն են հիմնել, ունեն հացի արտադրություն ու զբաղվում են անասնապահությամբ: Համայնքում կա նաև լողավազան և կրթական կենտրոն, շուտով տեղի բնակչուհիները կունենան նաև իրենց գրադարանը:

Տեղի քրդական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ ստեղծված համայնքում կառուցվել է 30 տուն, որոնցից 12-ն արդեն բնակեցված են:

«ԻՊ-ի օրոք մենք «խեղդված» էինք, իսկ այժմ ազատ ենք: Առաջ կանայք մնում էին տանը, դուրս չէին գալիս և չէին աշխատում: Ջինվարում ես հասկացա, որ կանայք կարող են գոյություն ունենալ ինքնուրույն», - ասել է տեղի բնակիչներից 35-ամյա Բարվա Դարվիշը:

Չի բացառվում, որ հարևան Դեր Զորում կստեղծվի երկրորդ նմանատիպ համայնքը, քանի որ Սիրիայում շարունակվող ռազմական բախումների պատճառով Ջինվարը կարող է հայտնվել ավերման վտանգի տակ: