«Ես համաձայնություն չեմ տալիս». Ռոհանին չի ընդունել երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պաշտոնապես չի ընդունել երկրի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
Նշվում է, որ Ռոհանին նամակ է հղել Զարիֆին՝ հայտնելով, որ նպատակահարմար չի համարում Ջավադի հրաժարականն ընդունելը:
«Ես համաձայնություն չեմ տալիս, և այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար», - գրված է Զարիֆին ուղղված նամակում:
Իրանի նախագահն ընդգծել է, որ Զարիֆը վայելում է թե՛ իր, թե՛ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի վստահությունը:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը հրաժարականի մասին հայտնել էր փետրվարի 25-ին՝ ինստագրամյան էջում:
«Մեծ երախտագիտություն եմ հայտնում Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին և իշխանություններին վերջին 67 ամսվա մեծահոգության համար: Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում բոլոր թերությունների համար», - գրել էր Զարիֆը:










