Զուրաբիշվիլին Ալիևի հետ հանդիպմանը խոսել է «օկուպացված տարածքների» և դրանց պատճառած դժբախտությունների մասին

16:53 • 27.02.19

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:

«Զագուլբա» նախագահական պալատում կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները:

«Մեր երկրները բարեկամության մեծ պատմություն ունեն, մեզ շատ ավանդույթներ են կապում, մենք ժամանակակից կյանքը միասին ենք սկսել: Հարյուր տարի առաջ մենք միասին անկախություն ձեռք բերեցինք, միասին էլ վերապրեցինք դրա կորուստը…Վերջին տարիներին մենք համանման դժբախտություններ ենք վերապրել»,- ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին հաղթանակ է համարել այն, որ չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին», երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը:

Ալիևն իր հերթին կարևորել է Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան՝ վստահություն հայտնելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

«Ադրբեջանն ու Վրաստանը մտերիմ բարեկամներ ու եղբայր պետություններ են, որոնք դարեր ի վեր աշխատում են բարիդրացիական մթնոլորտում: Մեր հարաբերությունները զարգանում են, մենք համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: