ԱՄՆ կոնգրեսականները հետաքրքրվել են Պուտինի ունեցվածքով

14:22 • 28.02.19

Միացյալ Նահանգների կոնգրեսականներն ԱՄՆ հետախուզական ծառայություններից պահանջել են տվյալներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցվածքի ու եկամուտների մասին: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտնել է Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը:

Ստեֆանիկն ու իր գործընկերը՝ Վալ Դեմինգը, «Վլադիմիր Պուտինի նկատմամբ թափանցիկության մասին օրենք» անվանմամբ օրենքի նախագիծ են ներկայացրել, որի համաձայն՝ հետախուզությունը պետք է տվյալներ հավաքի և զեկույց ներկայացնի ՌԴ նախագահի և նրա կողմնակիցների ֆինանսական վիճակի, ինչպես նաև գաղտնի ցանցերի մասին:

«Պուտինը և նրա քաղաքական դաշնակիցները, անառողջ միջոցներով իրենց քաղաքական հսկողությունն ամրապնդելով, փորձում են թուլացնել աշխարհում ժողովրդավարությունը»,- ասված է հրապարակման մեջ: