Հս. Կորեայի արտգործնախարարը պատմել է՝ ինչ է իրականում Կիմ Չեն Ընը խնդրել Թրամփից

10:25 • 01.03.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կայացած հանդիպմանը նրան առաջարկել է ոչ թե ամբողջովին չեղարկել Հս.Կորեայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, այլ վերացնել դրանց մի մասը: Այս մասին Հանոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է  Հս.Կորեայի արտգործնախարար Ռի Յոնգ Հոն, փոխանցում է «Интерфа́кс»-ը:

«Մենք պատժամիջոցների ոչ թե ամբողջական, այլ մասնակի չեղարկում էինք առաջարկել»,-մանրամասնել է պաշտոնյան:

Նախարարի խոսքով՝ պատժամիջոցների մասնակի չեղարկման դիմաց Փհենյանը պատրաստ էր փակել Յոնբենի միջուկային օբյեկտները:

Բացի այդ, հյուսիսկորեական կողմը բանակցությունների ընթացքում պատրաստակամություն է հայտնել ամբողջովին և ընդմիշտ հրաժարվել միջուկային փորձարկումներից, ինչպես նաև գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումներից:  

«Բանակցությունների ընթացքում մենք գրավոր կերպով պատրաստակամություն ենք հայտնել մշտական հիմքով դադարեցնել միջուկային փորձարկումներն ու գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների փորձարկումները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ռի Յոնգ Հոն:

Նա ընդգծել է, որ ներկայում գործում է Հս.Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի 11 բանաձև և իրենք ակնկալում են հասնել դրանցից 5-ի չեղարկմանը:

Մինչդեռ Daily Mail-ը նկատում է, որ արտգործնախարարի ասուլիսն իսկական ապտակ էր Թրամփին, որը նախօրեին հայտարարել էր.«Հյուսիսային Կորեան ցանկանում է, որպեսզի մենք ամբողջովին չեղարկենք պատժամիջոցները, ինչն անել, իհարկե, չենք կարող»:

ԱՄՆ ղեկավարը նաև նշել էր, որ Փհենյանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ այնպիսի գործարք կնքել, որի տակ ինքը կկարողանար ստորագրել:

Հիշեցնենք, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումն ավարտվել է նախատեսվածից շուտ և անարդյունք: