Անհրաժեշտ է եղած գումարներն արդյունավետ ծախսել, որովհետև հատկացվում են միլիարդավոր դրամներ, որոնք փոշիանում են․ Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը վստահեցնում է՝ հանրության սոցիալական խնդիրներն օրենսդիր մարմնի ուշադրության կենտրոնում են։ Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ սոցիալական ոլորտի հետ կապված օրվա իշխանությունն արդեն որոշումներ է կայացրել, օրինակ՝ պարենային զամբյուղից ներքև նպաստի բացառումը։
«Նվազագույն պարենային զամբյուղը 24,200 դրամ էր, իսկ հիմա 25,500 դրամից ներքև որևէ մեկը ՀՀ-ում պետք է նպաստ չստանա, այս որոշումը վերաբերում է մոտավորապես 80 հազար բնակչի։ Սա սկզբունքային որոշում էր, բայց միայն սկիզբն է։ Սակայն միայն նպաստ բարձրացնելով հնարավոր չէ բնակչության կենսամակարդակն ավելացնել, որովհետև դրանք «փոշիացվող» գումարներ են։ Անապահով խավի, նպաստ ստացողների կրթական ցենզը պետք է բարձրացնել, ներառականություն ապահովել, որպեսզի կարողանան մտնել աշխատաշուկա»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ՀՀ-ում ոչ աղքատ համարվող մարդն էլ աղքատ է, քանի որ եկամուտերն օրվա ծախսին նույնիսկ չեն բավարարում, նա արձագանքեց․ «Գումարների չբավականացնելը դեռ չի նշանակում, որ աղքատ են, քանի որ ամեն մարդ իր պահանջմունքն ունի, որը գնալով, բնականաբար, աճում է։ Երկրում աղքատության շեմի հաղթահարումը և ընդհանրապես ծայրահեղ աղքատության վերացումն այլ խնդիրներ են։ Անհրաժեշտ է եղած գումարներն արդյունավետ ծախսել, որովհետև հատկացվում են միլիարդավոր դրամներ, որոնք փոշիանում են, ու միավոր բնակչի հաշվով բավականին ոչ արդյունավետ է լինում այդ ծախսը»,- ընդգծեց Զեյնալյանը։
Խորհրդարանականը գիտակցում է, որ իր հանձնաժողովի տիրույթում են գտնվում թանկացումների հետ կապված խնդիրները, սակայն նա վստահեցնում է, որ նախկին ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչների նման չի հայտարարելու, որ ամեն մարդ պետք է իր գրպանին համապատասխան սնվի։ Զեյնալյանը շեշտեց՝ եկամուտները պետք է գերազանցեն գնաճը, սա է իրենց հիմնական քաղաքականությունը։
«Կառավարության ծրագրում հստակ նշված էր, որ նպաստների ավելացումը պետք է գնաճից ավել լինի, այսինքն՝ նպաստը պետք է ավելի շատ լինի տոկոսային առումով, քան գնաճը։ Այստեղ կառավարությունն իր դիրքորոշումը հստակ հայտնել է, մենք՝ խորհրդարանը նույնպես որդեգրելու ենք այս քաղաքականությունը։
Միանշանակ, գնաճը պետք է փորձել նաև զսպել, որը, իհարկե, 100 տոկոսով իրականացնել հնարավոր չէ, բայց գնաճի աճին զուգահեռ, բնականաբար, պետք է ավելացվեն եկամուտները, ինչպես նաև պետք է մշակվեն այնպիսի մեխանիզմներ, որ գնաճը հնարավորինս քիչ ազդի բնակչի վրա»,- շարունակեց պատգամավորը։
Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ խնդիրներ կա նաև ծնելիության խթանման հետ կապված։ Նրա գնահատմամբ՝ առկա մեխանիզմներն այդքան էլ արդյունավետ չեն։ «Հիմա փորձում ենք մշակել հավելյալ մեխանիզմներ, որոնք կլինեն ավելի արդյունավետ, որոնք կարող են արտահայտվել տարբեր ձևերով, օրինակ՝ ընտանիքին հարկային արտոնություններ տալով։
Բազմազավակ ընտանիքներին երկարաժամկետ խրախուսման միջոցներ են հարկավոր, օրինակ՝ կարող է լինել վարկային արտոնությունների, բնակարանային ապահովման տեսքով, ինչպես նաև գործատուին կարելի է տալ հարկային արտոնություն բազմազավակ ընտանիքի անդամին աշխատանքի վերցնելու համար»,- հավելեց Նարեկ Զեյնալյանը։










