Չի կարելի հայացքների համար պայքարել բռնության մեթոդներով, դա անընդունելի է. Ռուբեն Բաբայանը` Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասին

14:08 • 05.03.19

Նման բաները Հայաստանում չպետք է ընդունելի լինեն, դատապարտելի է ցանկացած բռնություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով հասարակական գործիչ Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպին:

«Չի կարելի հայացքների համար պայքարել բռնության մեթոդներով: Ինձ համար անընդունելի է այդ ամենը, անկախ նրանից՝ ունե՞մ ես համակրանք այդ անձի հանդեպ, թե չունեմ, դա ոչինչ չի նշանակում: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը` համոզված լինելով, որ դրա համար որևէ բռնության չի ենթարկվելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ կեսգիշերին մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ միայն պատժելով հարցը չի լուծվում, և կարևորն այն է, թե ինչ արժեքային համակարգ է հաստատված երկրում: «Եթե արժեքային համակարգի կենտրոնում գտնվում է մարդը, և մարդու իրավունքների հարգումը, ապա նման գործողություններ տեղի չէին կարող ունենալ, որովհետև մենք նման գործողությունների չենք դիմում ոչ թե նրա համար, որ վախենում ենք քրեական պատասխանատվության ենթարկվելուց, այլ որովհետև մեր արժեքային համակարգը թույլ չի տալիս դա անել, օրինակ` թույլ չի տալիս գողանալ: Երկրում արժեքային համակարգը պետք է փոխվի, ցավոք սրտի, հասարակության մեջ քրեական աշխարհի հարաբերությունները խորը արմատներ է թողել»,-ասաց նա և նշեց, որ իր շրջապատում դատապարտում են այս գործողությունները:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ բոլորը և առաջնահերթ նրանք, ովքեր իրենց համարում են մտավորական և որոշակի ազդեցություն են ունենում հասարակական կարծիքի վրա, շատ մեծ գործ ունեն անելու: «Սա մեր թերությունն է, հասարակության այս վիճակը մեր աշխատանքի թերությունն է»,-ասաց նա և կոչ արեց մերժել բռնությունը և բանավեճը պահել քաղաքակրթության սահմաններում:

«Ես կարծում եմ, որ երկու ուղղությամբ պետք է շարժվել, առաջինը այն, որ դեպքը պետք է անպայման դատապարտվի` օրենքի ամբողջ խստությամբ և երկրորդ. արդեն մտավոր, հոգևոր ազդեցությունն է, պետք է բացառենք նույնիսկ նման մտածողությունը, որ կարելի է  նման մեթոդների դիմել»,-ասաց նա: