ԱՄՆ-ում մուտքի արտոնագրեր կեղծելու մեջ մեղադրվող Ստելլա Բոյաջյանին ազատազրկում է սպառնում

23:33 • 05.03.19

ԱՄՆ Բրուքլինի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել մուտքի արտոնագրերի կեղծման, ՀՀ քաղաքացիներին անօրինական ճանապարհով ԱՄՆ տեղափոխելու և անձնական տվյալներ գողանալու մեջ մեղադրվող Ստելլա Բոյաջյանին:

Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, ԱՄՆ քաղաքացի, 48-ամյա Ստելլա Բոյաջյանը, որը ղեկավարում է Big Apple Music Awards Foundation Inc. հիմնադրամը, խոստովանել է իր մեղքը Կովկասից և Կենտրոնական Ասիայից մարդկանց ԱՄՆ տեղափոխելու համար փաստաթղթեր կեղծելու հարցում: Նա տարբեր մարդկանց օգնել է ԱՄՆ տեղափոխվել՝ պնդելով, որ նրանք երաժիշտներ են, և նրանց համար համապատասխան մուտքի արտոնագրեր ստացել:

Ըստ դաշնային փաստաթղթերի՝ 2013-2014 թվականին նա մինչև 10 000 դոլար գումար է գանձել ներգաղթյալներին օգնելու համար, որպեսզի վերջիներս կարողանան երկիր մուտք գործել որպես «էթնիկ երաժիշտներ»: Դրա համար նա պարի վկայականներ և տարազով լուսանկարներ է կեղծել:

Այժմ Բոյաջյանին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, ինչպես նաև հարյուր հազարավոր դոլարների տուգանք: Դատավորի խոսքով՝ նրա քաղաքացիությունը նույնպես վտանգված է:  

Նշվում է, որ Բոյաջյանն ու նրա փաստաբանը մեկնաբանությամբ հանդես չեն եկել դատական նիստից հետո:

Հիշեցնենք, որ Բոյաջյանին մեղադրանք էր առաջադրվել մեկ տարի առաջ: