Վաչե Մանուկյանի և Chanel-ի սեփականատերերից Ժերար Վերթհայմերի այցը Հայաստան հետաձգվել է
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ, բրիտանահայ գործարար ու բարերար Վաչե Մանուկյանի և Chanel նորաձևության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերի այցը Հայաստան տեխնիկական պատճառներով հետաձգվել է։ Այս մասին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 9-ին Հայաստան պետք է ժամաներ համաշխարհային խոշոր ընկերություններից մեկի՝ հանրահայտ Chanel նորաձևության տան սեփականատերերից Ժերար Վերթհայմերը:
Ժերար եւ Ալան Վերթհայմեր եղբայրները ֆրանսիական հայտնի Chanel ընկերության սեփականատերերն են: Նրանց պապը՝ Պիեռ Վերթհայմերը, եղել է Chanel նորաձևության տան հիմնադիր, մոդելավորող Կոկո Շանելի գործընկերը:
Chanel նորաձևության տունը մասնագիտացած է հագուստի և բարձրակարգ աքսեսուարների, օծանելիքի արտադրության ոլորտում: Այն այսօր գործող ամենահին նորաձևության տներից է: Chanel-ի արտադրանքն ամենապահանջվածներից է աշխարհում:










