Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ի և Արցախի միջև անարգել շփման և բաց հաղորդակցության վերաբերյալ բանաձև են ներկայացրել

15:02 • 09.03.19

Ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենք Փալոունը Ներկայացուցիչների պալատի մի շարք գործընկերների հետ ներկայացրել է բանաձև, որի նպատակն է վերացնել Միացյալ Նահանգների և Արցախի միջև անարգել ուղևորություններին և բաց հաղորդակցությանը խոչընդոտող արհեստական արգելքները:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, բանաձևի ներկայացման հարցում դեմոկրատ Փալոունին աջակցել են ինչպես նրա կուսակիցները, այնպես էլ հանրապետականները:

Բանաձևի ներկայացմանն է անդրադարձել ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը, որը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել այդ քայլի համար:

«Տասնամյակներ առաջ Ադրբեջանի ճնշման տակ ԱՄՆ-ի հաստատած «ժամկետանց» և թերի արգելքները կանխում են ուղղակի երկխոսությունը՝ արհեստականորեն շղթայելով մեր դիվանագետների ձեռքերն ու արգելափակելով դեպի խաղաղություն տանող ճանապարհը»,-ասել է Համբարյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ բանաձևի հեղինակները կոչ են անում ամերիկյան իշխանություններին թույլ տալ բոլոր աստիճանի պաշտոնյաներին ուղևորվել Արցախի Հանրապետություն, բաց և ուղղակի շփում ունենալ արցախցի գործընկերների հետ, խրախուսել Արցախի պաշտոնյաների և Միացյալ Նահանգների իշխանության գործադիր ու օրենսդիր ճյուղերի, քաղհասարակության ներկայացուցիչների ուղիղ շփումը, աջակցել Արցախի Հանրապետության՝ ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարության լիարժեք և ուղիղ մասնակցությանն իր ապագայի վերաբերյալ ԵԱՀԿ և այլ ձևաչափերով բանակցություններին:

 

Ամերիկացի կոնգրեսականներն ԱՄՆ-ի և Արցախի միջև անարգել շփման և բաց հաղորդակցության վերաբերյալ բանաձև են ներկայացրել