Ինչպե՞ս կարող եմ չհարգել Գվարդիոլային. Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ հարաբերությունների մասին:
Հիշեցնենք, որ այս մասնագետների թիմերը պայքարում են Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար:
«Ինչպե՞ս ես կարող եմ չհարգել Գվարդիոլային: Ինձ դուր է գալիս նրա թիմի ֆուտբոլը:
Նրա մասին որևէ վատ բան չեմ կարող ասել: Այնպես չէ, որ մենք եղբայրներ ենք, բայց ես կարող եմ ասել, որ չեմպիոնական պայքարը մնում է միայն խաղադաշտում: Ես սըր Ալեքս Ֆերգյուսոնը կամ Արսեն Վենգերը չեմ, բայց գիտեմ, թե ինչպես են նրանք վարվել չեմպիոնական պայքարի ժամանակ: Գիտեմ նաև Ռաֆայել Բենիտեսի և Ժոզե Մոուրինյուի թիմերի և պայքարի մասին... Չեմպիոնական լեզվակռիվներն ինձ չեն հետաքրքրում:
Մրցաշրջանի մեկնարկից առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ «Լիվերպուլը» նման իրավիճակում կհայտնվի: Մենք չէինք էլ կարող երազել, բայց այժմ պայքարում ենք չեմպիոնության համար և ունենք իրական հնարավորություն»,- Կլոպի խոսքերը մեջբերել է Liverpool Echo-ն:
Հավելենք, որ այժմ «Մանչեսթեր Սիթին» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» 70 միավորով երկրորդ տեղում է, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել:










