Աղբյուր. Զիդանը Թուրինում հանդիպել է «Յուվենտուսի» ղեկավարության հետ

16:18 • 10.03.19

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջերս այցելել է Թուրին և հանդիպում ունեցել «Յուվենտուսի» ղեկավարության հետ, հայտնում է La Stampa-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 46-ամյա ֆրանսիացի մասնագետն անձամբ չի հանդիպել Իտալիայի գործող չեմպիոնների նախագահ Անդրեա Անյելիի հետ, բայց խոսել է ակումբի այլ ներկայացուցիչների հետ:

«Յուվենտուսի» ներկայիս գլխավոր մարզիչը Մասիմիլիանո Ալեգրին է, որը 2014 թվականից է աշխատում թուրինյան ակումբի հետ: Իտալացին կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հետաքրքրված է Զիդանին վերադարձնելու տարբերակով:

«Յուվենտուսը», վաստակելով 75 միավոր, գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մարտի 12-ին թուրինցիները տնային ստադիոնում կանցկացնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Աթլետիկոյի» հետ: Առաջին խաղն ավարտվել է մադրիդյան թիմի` 2:0 հաշվով հաղթանակով: