7 անչափահաս երեխա ունեցող ընտանիքը դադարեցրել է նստացույցը. Կառավարությունը նրանց բնակարանի հարցը ժամանակավորապես լուծել է
Մենք նստացույցը դադարեցրել ենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի տեղակալը մեզ մոտեցել է և մեր տան վարձի հարցը լուծել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց օրերս Երևանի քաղաքապետարանի մոտ 7 անչափահաս երեխաների հետ անժամկետ նստացույց հայտարարած Մարինա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Մարինե Սարգսյանը 7 երեխաների, եղբոր և եղբոր կնոջ հետ Երևանի քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց էր սկսել, քանի որ զրկվել էին բնակության վայրից:
«Վարչապետի աշխատակազմից զանգել են Էջմիածնի քաղաքապետարան, բանալին վերցրել ենք տանտիրոջից, մինչև երկուշաբթի կարող ենք բնակվել այստեղ»,- ասաց նա և հավելեց, որ հնարավոր է, որ իրենց խաբեն:
«Տեսնենք՝ հնարավոր է՝ մեզ խաբեն, հնարավոր է` ոչ: Մինչև երկուշաբթի այս բնակարանում պետք է ապրենք, երկուշաբթի օրը որ չվճարեն այդ վարձը, նորից դուրսն ենք հայտնվելու: Այնպես է, որ իմ բոլոր իրերը հավաքել եմ, սպասում եմ, եթե նորից դրսում հայտնվենք, նստացույցը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև մեզ տրամադրեն մի տարածք, մի բնակարան, մի հողակտոր թեկուզ «դոմիկով», թեկուզ հանրակացարան, որ կարողանանք երեխաներիս հետ ապրել»,- ասաց Մարինա Սարգսյանը:
Նա հավելեց, որ Կառավարությունից ասել են՝ կվճարեն այդ չմուծված վարձը, ուրիշ ոչնչով չեն օգնել: Նա նշեց, թեպետ վերջնականապես իրենց կացարանի հարցը լուծված չէ, բայց իրենք համաձայնել են՝ թեկուզ ժամանակավոր, բայց կապրեն այդ բնակարանում:
«Ուղղակի այդ օրը ես իմ երեխեքին խղճալով համաձայնեցի: Ես եմ տանջվողը, իրենց պետք չի լինելու իմ երեխաների առողջությունը, ես համաձայնեցի նրա համար, որ իմ երեխեքը գոնե մինչև երկուշաբթի մնալու տեղ ունենան»,- ասաց նա:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանին վարչապետի աշխատակազմից խնդրել են կապվել տան տիրոջ հետ, որը վարձակալությամբ տվել էր բնակարանն այդ ընտանիքին: «Տեղեկացնեմ, որ վարչապետի աշխատակազմից այդ պարտքի գումարը կվճարեն, որի պատճառով այդ ընտանիքին հրաժարվել էին տրամադրել տունը, մինչև կացարանի հարցը կլուծվի: Այսինքն՝ աշխատանքային օրերի ընթացքում գումարը փոխանցվելու է վարչապետի աշխատակազմից: Մենք հանդիսացել ենք միջնորդ այդ գործընթացում. կապվել ենք տանտիրոջ հետ, որը մեր հորդորներին ի պատասխան փաստորեն համաձայնել է հետ տալ բանալին, որ ընտանիքը վերադառնա այդ տուն, հետո լրացուցիչ ճշտել ենք, որ արդեն տանն են»,- նշեց քաղաքապետը և հավաստիացրեց` մնացածն արդեն աշխատանքային օրերին կկարգավորվի:
Քաղաքապետը տեղյակ չէր՝ արդյոք ընտանիքի բնակարանի հարցը վերջնականապես լուծվելու է, նա նաև ասաց, որ տեղյակ չէ, թե վարչապետի աշխատակազմն ինչ ֆոնդից է վճարելու նրանց բնակարանի վարձը:
Ինչ վերաբերում է ընտանիքի պնդումներին՝ Էջմիածնի քաղաքապետարանից հրաժարվել էին իրենց օգնել՝ պատճառաբանելով, թե ֆինանս չունեն, Գասպարյանն ասաց, որ Էջմիածնի քաղաքապետարանի բաժնում այդ կնոջ անուն ազգանունով դիմում չի ստացվել:
Ամալյա Առաքելյան










