Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումն այս պահին դադարեցված է. սրճարանների ներկայացուցիչները երեկոյան քննարկում կունենան քաղաքապետարանում. տեսանյութ

12:54 • 13.03.19

15:29

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

Երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձում էին հոսանք միացնել և սկսել ապամոնտաժման աշխատանքները, սրճարանների աշխատակիցները սկսեցին հավաքել լարերը՝ վանկարկելով` ամոթ, ամոթ:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը ցուցարարներին ասաց, որ պատասխանատու մեկը նրանցից մոտենա, և բանակցություններ սկսեն քաղաքապետարանի հետ: «Փորձենք հետաձգել մի քանի օր այս պրոցեսը, հասկանանք` ինչ է այս մարդկանց պահանջը»,- ասաց նա:

Ի վերջո, մի քանի ժամով դադարեցվեց ապամոնտաժումը: Համաձայնություն ձեռք բերվեց Կենտրոնի թաղապետի և մեկ-երկու սրճարանների սեփականատերերի միջև, ապամոնտաժման աշխատանքները որոշ ժամանակով կդադարեն, իսկ այդ ընթացքում սրճարանների կողմից լիազորված իրավաբանը կբանակցի քաղաքապետարանի հետ:

Ապա Անի Խաչատրյանը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ժամը 18:00-ին Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանների ներկայացուցիչները քաղաքապետարանում քննարկման մասնակցեն:

Նա հավելեց, որ հիմա տեխնիկան դուրս է գալիս տարածքից:



14:59

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից մեկի՝ «Շոկոլադնիցայի» մենեջեր Լաերտ Պողոսյանը Երևանի քաղաքապետարանի կողմից սրճարանների ապամոնտաժումն աշխատատեղերի քանդում է որակում։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջունում են, գնում են 50 աշխատատեղ ստեղծող հյուրանոցի բացմանը, փոխարենն առանց ափսոսալու 300-400 աշխատատեղ են փակում։

«Ինչքան մարդ է սոված մնում, մենակ աշխատատեղերը չեմ ասում, բա մատակարարները։ Արդեն մատակարարներն են բողոքում, ասում են՝ որ դուք փակվեք, բա մե՞նք, իրենք էլ են տուժելու, որովհետև այս սրճարաններում են ռեալիզացրել իրանց ապրանքը»,- ասաց նա։





Պողոսյանը նկատեց, որ իրենց և քաղաքապետարանի՝ տարածքի օգտագործման պայմանագիրը մինչև 2026 թվականն է․ «Ցանկացած բիզնես այստեղ ուզենանք անել, պետք է վախենանք, բա որ պայմանագիր կնքեն ու մի տարի հետո գան, բիզնեսը քանդեն։ Բա այս երկում ինչպե՞ս բիզնես անես, որ օրինական փաստաթուղթն իրենց համար հիմք չի։ Սրճարանի տնօրենը եկել, ասում է՝ թուղթը տուր, թե ինչի հիման վրա ես քանդում, քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ չունի։ Քաղաքապետարանը կարո՞ղ է գարանտիա տալ, որ այստեղ ոչ մեկը ոչ մի այլ բան չի անելու»,- շարունակեց Լաերտ Պողոսյանը։

Ինչ վերավերում է դիտակմանը, որ անօրինակ է կառույցը, և հիմա պետք է կանաչապատում լինի՝ ի շահ մայրաքաղաքի, Լաերտ Պողոսյանն արձագանքեց․ «Այսինքն՝ 30 տարի անօրինակա՞ն է եղել այս ամեն ինչը, 30 տարի հոսանքի համար վճարել ենք։ Ո՞ւմ է խանգարում, բոլորն էլ իրենց տարածքը կանաչապատել են, սրանից ավել էլ ի՞նչ կանաչապատում։ Քաղաքն այնքան շահ ունի, եկեք դա անենք։ Էդ քաղաքապետն իր տան դիմաց մի ծառ չունի, Հյուսիսային պողոտայում տուն ունի, բայց մի հատ ծառ չունի, դա նորմալ է՞։ Փոխանակ սա նայի, գնացել ուրիշի հացն է խլում։ Թող իրենց տնից սկսի, թող Հյուսիսային պողոտան քանդի, էդ նույն անօրինական տվողներ են իրան տուն տվել այդտեղ, բա ինչո՞ւ չի գնում էդ տունը քանդի, գնացել ուրիշ երկրում է ներդրում արել, որովհետև վախենում է, որ այստեղ ինչ-որ բան կլինի»,- եզրափակեց Լաերտ Պողոսյանը։


12:54

Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքի սրճարանները:
Նշենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Մինչ այդ, որոշումը ստանալուց հետո Tert.am-ի հետ զրուցում «Montale Lounge Cafe»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել էր, որ այդ որոշումը միակողմանի է. «Որոշումը միակողմանի է, մեզ հետ չեն խորհրդակցել, մեր կարծիքը չեն հարցրել, հանրային քննարկում չի եղել։ Պայմանագրի մասնակի խզում է, ինչը ենթադրում է անձանց տարածքների զավթում։ Սա այլ կերպ կոչվում է խլել, այո, կուլտուրական ձևով մեզանից խլում են մեր ունեցվածքը»,- ասաց նա։

Իսկանդարյանը շեշտել էր, որ երբ տարածքը վարձակալել են, իրենց որևէ մեկը տեղյակ չի պահել, որ ինչ-որ մի պահի կարող են նման խնդիրներ առաջանալ։ Նա անթույլատրելի էր համարել քաղաքային իշխանության նման գործելաոճը, այսինքն` այն, որ միայն լիազորագիր են ներկայացնում՝ ծանուցելով քանդման մասին։ Ավելին՝ Ա. Իսկանդարյանը նկատել էր, որ իրենց՝ տարածքի վարձակալման ժամկետը չի ավարտվել։