Թրամփը «հանուն ամերիկացիների անվտանգության» արգելել է Boeing 737 Max օդանավերի թռիչքը

12:22 • 14.03.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին հինգ ամսում Boeing ընկերության 737 Max օդանավերի մասնակցությամբ տեղի ունեցած երկու ողբերգական ավիաաղետներից հետո 737 Max-ի թռիչքներն արգելելու որոշում է կայացրել:

Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահն ասել է, որ ԱՄՆ-ին պատկանող բոլոր 737 Max ինքնաթիռների թռիչքը պետք է արգելվի հանուն ամերիկացիների անվտանգության:

«Նրանք (Boeing-ը-tert.am) պետք է գտնեն՝ որն է խնդիրը, և նրանք դա կանեն»,-նշել է նախագահը:

Ավիաարտադրող ընկերության գործադիր տնօրեն Դենիս Մուլենբուրգը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ու վստահեցրել նրան, որ ինքնաթիռներն ապահով են:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Եթովպիայում Boeing 737 Max-ի՝ 157 մարդու կյանք խլած ավիաաղետից հետո բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Կանադան, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Հնդկաստանը, Եգիպտոսը, Թաիլանդը, Վիետնամը, ժամանակավորապես հրաժարվել են այդ մոդելի ինքնաթիռների շահագործումից՝ ընկերությունից պահանջելով պարզել՝ որն է ավիաաղետների պատճառը: